Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/49

Այս էջը հաստատված է

Բայց կարեկցության
Ո՛չ լաց, ո՛չ կական
Թո՛ղ չըպղտորե՛ն քո սիրտն ու հոգին,
Նա լալ չէր սիրում,
Կռվի փոթորկում
Նահատակն ընկա՜վ ժըպիտը դեմքին…



Վերջին անգամ ժպտաց արև,
Եվ որպես կայծ չըքացավ.
Փչեց քամին. դողաց տերև.
Մայր-բնություն մերկացավ։

Տխրե՜ց երկինք… և յուր պայծառ
Դեմքը պատեց սև քողով,
Սգա՜ց երկիր… և վշտահար՝
Ամռան ասաց՝ «գնա՜ս բարով»։

Գնա՜ց ամառն… Եվ գունաթափ
Աշնան մըռայլ կերպարանք
Մարդուն ազդեց ահ ու սարսափ,
Երկրից խըլեց շունչ ու կյանք…


Ե՛Կ, ԳԱՐՆԱՆ ԱՆՁՐԵՎ

Ե՛կ, գարնան անձրև, թափվի՛ր հորդառատ
Ցրտացած երկրի սառ կրծքի վերա.
Թո՛ղ նորից երկիրն շունչ քաշի ազատ,
Թո՛ղ նորա կրծքին ջերմ կյանքը եռա։

Երկա՜ր նա տանջվեց դառնաշունչ ձմռան
Ցուրտ կապանքներում, քեզ սպասելով,
Նա շա՜տ համբերեց… կենսատու գարնան
Քաղցր կարոտը ջերմ փայփայելով։