Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/50

Այս էջը հաստատված է

Թափվի՛ր, ա՜յ անձրև, ինչպես մարգարիտ,
Ինչպես երկնառաք ցողը կենսաբեր,
Ոռոգի՛ր դաշտեր, անտառ ու հովիտ,
Կանաչով պատի՛ր լեռներ ու ձորեր։

Թո՛ղ հորդանալով աղբյուր ու գետակ
Սառցե շղթաներ անահ խորտակեն.
Դուրս գան ափերից, վազեն համարձակ,
Ազատ խոխոջան, ազատ կարկաչեն։

Թող քեզ լույս-արև ժպտա սիրավառ,
Եվ որպես երկնից հաշտության նշան,
Քո կաթիլներում փայլուն ու պայծառ
Նա սիրով կապե կարմիր ծիածան…

Ե՛կ, գարնան անձրև, թափվի՛ր հորդառատ
Ցրտացած երկրի սառ կըրծքի վերա.
Թո՛ղ նորից երկիրն շունչ քաշե ազատ,
Թո՛ղ նորա կրծքին ջերմ կյանքը եռա։
[1893]


ՔԵԶ ՀԱՄԱՐ Է ԻՄ ՏԱՆՋԱՆՔԸ…

Քե՛զ համար է իմ տանջանքը,
Ճշմարտության գաղափա՛ր.
Թո՛ղ քեզ զոհվի երգչիս կյանքը,
Ես ապրում եմ քեզ համար։

Կյանքի կռվում քանիցս անգամ
Ես քեզ պաշտպան կանգնելով,
Հալածեցին ինձ անզգամ
Մարդիկ — ուժըս ծաղրելով…

Հոգով աղքատ, մտքով տկար —
Նոքա իմ ձայնն անաչառ