Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/51

Այս էջը հաստատված է

Շա՜տ ջանացին խեղդել իսպա՛ռ…
Սխալվեցի՜ն չարաչար…

Եվ երբ նոցա սև սրտերին
Խոսքս դիպավ, որպես նետ.
Նոքա փրփուր բերաններին
Թույն խառնեցին հացիս հետ…

Բայց դու հուզի՛ր, հուզի՛ր հոգիս,
Ճշմարտության գաղափա՛ր.
Դո՛ւ ես միակ վահան կյանքիս,
Ես ապրում եմ քե՛զ համար։
1893


ՄԻ՛ ՎՀԱՏԻՐ

Դարերով անբա՜խտ, դարերով թշվա՜ռ,
Իմ խղճո՛ւկ եղբայր, դու մի՛ վհատիր,
Որ կարծես ոսոխ, անգութ, անարդար
Քեզ հալածում է սև ճակատագիր։

Գիտեմ, չարության ծանր լծի տակ
Դու շա՜տ ես տանջվել ու շա՛տ համբերել.
Շա՜տ ես փափագել դու մի ա՛յլ վիճակ
Երկա՜ր հուսացել, երկա՜ր սպասել…

Բայց մի՛ վհատիր… Թո՛ղ խորին հավատ
Դեռ ալեկոծե քո տանջված հոգին.
Շատե՜րն են քեզ պես մնում հուսառատ
Ազատիչ գարնան քաջ հաղթանակին…

Եվ ի՞նչ կլիներ, թե դառն օրերին,
Մարդկային կյանքում, փոթորկի նման,
Ոսկեշող հույսեր սիրտ չըհուզեին,
Հավատը զոհվեր հուսահատության…