Սիրում եմ ես քեզ, բայց ո՛չ այդ սիրով,
Ո՛վ իմ նազելի՜, թանկագի՜ն ընկեր,
Սիրում եմ ես քեզ այլ զգացմունքով,
Մի սուրբ զգացմունք, որ զով կենսաբեր
Ինչպես գարնան ցող թառամած ծաղկին
Ցողում է լքյալ սրտին թարմություն.
Որ ինչպես զեփյուռ հըրատապ շոգին
Բերում է այրված կրծքին զովություն.
Մի վառ զգացմունք, որ թովի՛չ լուսով
Փայլում է միայն անկեղծ սրտերում
Որ լի ըղձերով, վարդաշո՜ղ հուսով
Մեզ կյանք է տալիս և ոգևորում։
Դու սիրելի ես, փափկասո՛ւն էակ,
Որպես անսպառ աղբյուր երգերիս,
Որպես իմ կյանքի լուսափայլ ճըրագ,
Որպես արձագանք լաց ու ծիծաղիս։