Որ իբրև շքեղ, դալար մի օազ
Ժպտում ես դու իմ անապատ կյանքում,
Որ իբրև պայծառ, գողտրիկ մի երազ,
Ցնորքի հուր ես վառում իմ կրծքում։
Ի՜նչպես չըսիրել քո քնքուշ հոգին
Եվ այն կանացի գորովն ու գգվանք,
Որ գանձի նըման, ջերմ կուրծքիդ տակին
Պահում ես իբրև հոգուդ զարդարանք.
Որ սիրտըդ լեցուն բո՜ւռն խնամքով.
Պատրաստ ես դու միշտ անտեր, անպաշտպան
Թշվառի համար անկեղծ արցունքով
Ե՛վ լա՜լ, և՛ սիրով փայփայե՜լ նորան...
1893