Այնպիսի՜ գանձ, որ աշխարհում
Ամեն հարուստ գլուխ կտա քեզ։
Կյանքում ծածուկ էլ քեզ համար
Բան չի՛ մնալ, որ չիմանաս.
Քո մեջ կապրի արար աշխարհ,
Հոգով այնքա՜ն կըզորանաս։
Դու կիմանաս, թե ինչո՞ւ մենք
Լողորդի պես կյանքի ծովում
Գիշեր-ցերեկ հա՜ լողում ենք…
Ո՞րտեղ է ափն… ո՞ւր ենք լողում…
Դու կիմանաս, ինչո՞ւ մարդիկ
Պետք է ապրեն իրար համար.
Ի՞նչ է մարդկանց ցավն ու կարիք,
Ի՞նչ է լույսը, ի՞նչ է խավար…
Կարդա՛, որդի՛ս, որ հորըդ պես
Դու էլ անուս, խեղճ չըմնաս,
Որ ամենքին վիզ չըծռես.
Եվ միշտ ազա՛տ առաջ գընաս…
Անբախտ հայրդ գիր չըգիտեր,
Հողագործ էր — կարոտ ուսման.
Գյուղի անգութ վաշխառուներ
Քաղցած, ծարավ թողին նորան։
Հազար ու մի թուղթ գըրելով.
Քո հոր տեղակ ստորագրեցին.
Հետո մեկ էլ օր ցերեկով
Ձեր ողջ տունը կողոպտեցին…
Շա՜տ թափառեց նա դես ու դեն,
Դատարանի շեմքը մաշեց.
Բայց անգրագետ, անուս, անզեն —
Վերջին շունչը հողում քաշեց…