Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/6

Այս էջը հաստատված է
ԶԻՆՎՈՐԻ ԵՐԳԵՐ

I

Քո սիրովն եմ միայն շնչում,
Ա՛զգ իմ խղճուկ, տառապյալ,
Եվ քեզ արյան ահեղ դաշտում
Ես պատրաստ եմ հոգիս տալ։

Դու ես փառքը քաջ զինվորիս,
Փա՜ռք ու պարծա՜նք ինձ համար
Օ՜, առանց քեզ կյանքը աչքիս
Ե՛վ մռայլ է, և՛ խավար։

Այն օրից, երբ թոթով լեզվով
Ես սուրբ անունդ հնչեցի,
Անտեր փառքիդ, մորըս ուխտով,
Ես ջերմ պաշտպան գըրվեցի։

Այն օրից, ո՛վ ազգ՝ իմ թշվառ,
Քո գերության կուռ շղթան
Դարձավ կապանք և՛ ինձ համար,
Ցավ ու տանջանք անսահման…

Եվ ճնշում է հոգիս անհաղթ
Այդ կապանքը ստրկական.
Նա կոչում է ինձ դեպի դաշտ
Դաշտ բոցերի և արյան…

Քո սիրովն եմ միայն շնչում,
Ա՛զգ իմ խղճուկ, տառապյալ
Եվ քեզ կռվի ահեղ դաշտում
Ես պատրաստ եմ հոգիս տալ…
1887, 14 մարտի