Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/63

Այս էջը հաստատված է
ԻՄ ՕՐԱԳՐԻՑ

I

Ասա՛ ինձ, մանո՛ւկ, չքնա՛ղ արարած,
Որ այս կախարդիչ, լուսնյակ գիշերին
Սիրավառ կրծքիս գլուխդ խոնարհած
Ականջ ես դնում իմ ջերմ երգերին,—

Արդյոք իմ ձայնը քո մատաղ սրտում
Գտնո՞ւմ է սիրո քաղցր արձագանք.
Թե երգըս անտես ցնդում է օդում,
Որ վաղն ինձ բերե նոր ցավ ու տանջանք...

II

Գեղեցի՜կ աչեր, սևորա՜կ աչեր,
Որ սիրած կուսիս նազելի դեմքին
Շողում եք, որպես վառվռուն աստղեր,
Դուք կախարդեցի՜ք իմ ազատ հոգին...

Եվ ահա, որպես ձեր հըլու գերին,
Ես ձեզ եմ, աչե՛ր, երգում ու գովում,
Ա՜խ, եթե և՛ ձեր հըպարտ տիրուհին
Երգըս փայփայե՜ր յուր մատաղ կրծքում...

III

Քո վարդ-շրթունքից ջերմ համրույր քաղած
Սիրտըս ալեկոծ ոսկի՜ հույսերով,
Ահա՛, իմ հոգյա՛կ, զվարթ, կրծքաբաց
Նորից նետում եմ ես ինձ կյանքի ծով։

Թո՛ղ գոռ ալիքներ շուրջըս փըրփըրան.
Անհաղթելի է իմ սիրող հոգին.
Միայն այդ ծովում, փարոսի նըման,
Դու լուսավորի՜ր իմ մըթին ուղին...