___________________________________
1
ԾՈՎԻ ՎԵՐԱ
Ողջո՛ւյն քեզ, ա՜յ ծով, դու ազա՜տ տարերք.
Առաջին անգամ տեսնում եմ ես քեզ,
Եվ անշարժ կանգնած ես նավի եզերք,
Անթարթ դիտում եմ քո պայծառ երես.
Նայում եմ վերադ և չեմ կշտանում.
Զարմանքս — խորի՜ն, հիացքս — անհո՜ւն..
Ինձ հսկա նավը քո ծոցն է տանում,
Ավելի՜ խորքեր, ավելի՜ հեռուն։
Եվ որքան առաջ, նույնքան փառահեղ
Սփռում է ջրեր, ալիքներ խաղուն.
Քո ջինջ հայելում ցոլում են շքեղ
Հարավի երկինք, արև, բընություն։
Բայց այդպես չէի ես քեզ երազում
Հեռվից քանի քեզ դեռ չէի տեսած.
Ես միայն այժմ, ա՜յժմ եմ զգում,
Որքա՜ն կախարդիչ, վսեմ ես եղած։
Ողջո՜ւյն քեզ. ողջո՜ւյն հըզոր ջըրերիդ,
Դու իմ փափագած սքանչելի տարերք,
Օ՜. դեռ շա՛տ օրեր սիրուն պատկերիդ
Ես պիտի նայեմ, նստած քո եզերք...