II
Շողա՛, շողշողա՛, պողպատե իմ սուր,
Իմ անգին ընկեր.
Հալածված ազգիս դու խաղաղ կյանք տուր,
Եվ պայծառ օրեր…
Հերի՛ք է որքան քեզ, իմ մտերի՛մ,
Սև ժանգը պատեց.
Որքան թշնամին — ազգիս ոխերիմ
Քո ուժը ծաղրեց…
Թո՛ղ չար ոսոխը քո ծայրով խոցված
Տապալվի գետին.
Թո՛ղ փայլե պըսակ՝ իմ արյամբ գընված
Ազգիս ճակատին…
Շողա՛, շողշողա՛, պողպատե իմ սուր,
Ընկե՛ր հարազատ.
Դու ըստրուկ ազգիս նոր ուժ ու կյանք տուր
Եվ օրեր ազատ…
1890, 23 օգոստոսի