Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/72

Այս էջը հաստատված է
7
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

(Ծովի առաջ)

Կա՛ր ժամանակ — սերըս ծով էր,
Սիրտըս — խաղուն մի նավակ.
Սիրո ծովում նա լողում էր,
Հառաջ սահում համարձակ։

Հեռո՜ւ չէր ափն, աղջի՛կ չըքնաղ,
Չէի՛ն հուզվում ալիքներ.
Ծովն էր հստակ, ծովն էր խաղաղ,
Հեռվում փարոս — քո պատկեր…

Բայց, ա՜խ, հոգյա՛կ, դեռ չըհասած
Ես դալար ափ — խաղա՜ղ վայր,
Մարդկանց կիրքը, մարդկանց նախանձ
Ծով նետեցին քար ու ժայռ…

Պղտորվեցավ ծովը սիրույս,
Փշրվե՜ց իմ սիրտ — իմ նավակ.
Հանգա՜վ փարոս — չըկա՜ս դու, կո՛ւյս…
Դարձյա՛լ ես ո՜րբ, ես մենա՜կ…


8
ԱՐՇԱԼՈՒՅՍԸ ԾՈՎԻ ՎՐԱ

(Նվեր նկարիչ Վարդգես Սուրենյանցին)

Ուզո՜ւմ ես դու տեսնել վսեմ բնության
Մի հրաշքը — անպատմելի՜ մի պատկեր,
Որից դյութված, անշարժ, որպես լուռ արձան,
Որին հառած խոր հիացքով լի աչքեր,
Նայե՜ս ապշած, նայե՜ս անվերջ ու անհագ
Դո՜ւրս եկ ծովափ արշալույսի ժամանակ։