Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/79

Այս էջը հաստատված է

Ուռին լռում է… Բայց վայրկյան չանցած,
Նորից թեքվում է դեպի մոռացված
Ցուրտ գերեզմանը— և նորից սըգում.
Նա ողբ է կարդում այն անբախտ, թշվառ,
Հարստահարված, ըստրուկ աշխարհին,
Ուր խոնարհվում է ամեն մի անճար
Անարգ, բռնակալ ուժի առաջին…


ՕՐԵՐ ԵՆ ԳԱԼԻՍ

(Նվեր Յուրի Վեսելովսկուն)

Օրեր են գալիս և օրեր գընում,
Անվե՜րջ են մարդկանց ցավերն ու հոգսեր.
Եվ նա՛ է կյանքի հարատև կռվում
Մարտնչում, որպես զինվոր անվեհեր,

Ով լույսի սիրով սիրտը բորբոքած,
Ուխտել է լինել մշակ աշխարհի.
Ապրե՜լ — վեհ գործի հերո՛ս անձնուրաց,
Մեռնե՜լ — մարտիրո՛ս վեհ գաղափարի…


ՀԱԼԱԾՎԱԾ ՍԵՐ

Տխո՜ւր ես, ա՜յ սեր, երբ անհամարձակ
Դու դողդողում ես սիրող սրտերում,
Որպես փոթորկից հալածված թռչնակ,
Որ կուչ է գալիս դալար թփերում։

Եվ որքա՜ն ծանր է զսպել արտասուք,
Երբ մարդ տանջվում է՝ թաքուն սիրելով,
Օ՜, ինչո՞ւ, հոգյա՛կ, բախտը չարաշուք
Կապեց մեր սրտերն այդ տխուր սիրով…

Սրտամաշ մի վիշտ, ծանր քարի պես,
Ճնշում է հոգիս, նազելի՜ ընկեր,