Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/86

Այս էջը հաստատված է

Կույսը զսպում էր սըրտի փոթորիկ,
Կույսը լալիս էր սրտի արցունքով...

Եվ նորա կողքին ինքնագոհ, հըպարտ
Կանգնած էր փեսան Կրեսոսի փառքով.
Զոհը - կենսավառ, որպես գարնան վարդ,
Դահիճն - ուժասպառ, խորշոմած դեմքով...

Եվ խուռ բազմություն, ծընող, ազգական,
Դպիր, քահանա խաչ ու մոմ ձեռին՝
Լուռ վըկա էին զոհաբերության
Այդ սրբագործված զազիր պատկերին...

Օ՜, խղճո՛ւկ հայ կին, անարգվա՛ծ էակ,
Հա՛մր ստրկություն — ահա քո անուն.
Անգարո՜ւն — քո կյանք, անլո՜ւյս — քո վիճակ,
Արդյոք ե՞րբ պետք է բացվի քո լեզուն...
[1898]


ԴԱՐԱՎԵՐՋԻ ԲԱՐՔԵՐԻՑ

«Մահ Զոլային, թքե՛լ Զոլայի վերա...»
(Լրագրներից)

Տխո՜ւր մտքեր են ինձ հուզում այսօր,
Այս ի՜նչ ողբալի, դժվար ժամանակ
Մեզ վիճակվել է ապրել և անզոր
Տեսնել չարության լըկտի հաղթանակ։

Խիղճ, պատիվ, օրենք ոտքի տակ տված,
Մարդիկ ծաղրում են ազատ զգացմունք.
Եվ ազգասերի կեղծ դիմակ հագած,
Կոկորդիլոսի՜ թափում արտասունք...

Եվ կույր ամբոխի զայրույթն ու հուզում
Կորո՜ւստ է սպառնում մտքին, տաղանդին,