Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/123

Այս էջը հաստատված է

17-ին, գյուղն իրավամբ համեմատում է Զեյթունի հետ (այն անվանում է «Փոքր Զեյթուն»), իսկ բնակիչներին՝ քաջարի զեյթունցիների հետ։ Նրա վկայությամբ՝ ոչ միայն տղամարդիկ էին հմտորեն տիրապետում զենքին, այլև կանայք, ինչպիսին էր Ղարա-Մատոյի (Մարգարյան Մարտիրոս Մեսրոպի) կինը, որն իր ամուսնու նման անվեհեր էր և նրա հետ կողք-կողքի մարտնչում էր ինքնապաշտպանության մարտիկների շարքերում։

Գյուղացիների կողմից հարգված, զինվորական գործին հմուտ մի քաջ երիտասարդի՝ Մարտիրոս (Մատո) Սահակյանի գլխավորությամբ և գյուղի մի խումբ աչքի ընկնող մարդկանց (Գրիգորյան Գաբրիել, Սահակյան Հովակիմ, Հակոբյան Հովհաննես, Մակարյան Անտոն, Բալոյան Ղազար, Հակոբ քահանա Տեր-Հակոբյան) աջակցությամբ ու անմիջական գործուն մասնակցությամբ 15 օրվա ընթացքում ստեղծվեց 155 քաջերից բաղկացած վաշտ, որի մարտիկների թիվը շուտով հասավ 250 մարդու…[1]

Փետրվարի 8-ին, երբ Ախալքալաքի կազմավորվող հայկական գնդի վաշտերից մեկը Դամալա գնաց՝ օգնության, դամալացիների նորաստեղծ կամավորական վաշտը՝ զինվելու և հանդերձավորվելու նպատակով Մարտիրոս Սահակյանի գլխավորությամբ գնաց Ախալքալաք։ Ախալքալաքի բնակիչները և գավառային կոմիսար՝ Աբգար Պայազատը սիրալիր ընդունելություն ցույց տվին նրանց։

Այստեղ վաշտի նոր հրամանատար նշանակեցին ղարաբաղցի սպա Սարուխանյանին։ Վաշտը մինչև փետրվարի 25-ը մնաց Ախալքալաքում. համալրվեց Ջավախքի երիտասարդներով, հանդերձավորվեց, զինվեց (ստացան թնդանոթ, գնդացիր և այլն)[2]։

Վաշտը Ախալքալաքի կազմավորվող գնդի մյուս վաշտերի հետ մեկտեղ այդ ժամանակամիջոցում կատարում էր զինավարժություններ։

  1. Տե՛ս «Մշակ», 1918թ., № 35:
  2. Չնայած Ախալքալաքի Պաշապանության ժամանակավոր կոմիտեն և գավառի ղեկավարությունը մեծ դժվարությամբ էին զենք ձեռք բերում, բայց այդ զենքով՝ չխնայեցին դրա խիստ կարիքն ունեցող Դամալայի վաշտը զինել…