Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/131

Այս էջը հաստատված է

ասորաբնակ Թազա գյուղի վրա, բնակիչներին կողոպտել էին և խլել ունեցած զենքը։ Իսկ գավառակի հայ բնակչությունը թողնելով ինչքը, փախել էր Ախալքալաք[1]։

Չըլդըրի անմիջական սահմանների մոտ էին գտնվում Ախալքալաքի գավառի Սուլդա, Կարծախ, Դադեշ և Մրակոլ հայկական գյուղերը։ Առանձնապես ծանր էր Մրակոլ գյուղի վիճակը, որովհետև այն գտնվում էր թուրքաբնակ գյուղերի շրջապատի մեջ։

Այդ պատճառով Մրակոլի բնակիչները տեղափոխվեցին (Կարծախցիների ջանքերով) և բնակություն հաստատեցին Կարծախ, Սուլդա և Դադեշ գյուղերում[2]։

Կարծախ և Սուլդա գյուղերի մոտ գտնվող թուրքաբնակ Խավեթ, Դավնիա, Էրինջա, Ծղարիստան, Հոկամ գյուղերի բնակիչները զինված խմբերով նաև հեռավոր թուրքական գյուղերի բնակիչների հետ մեկտեղ հարձակվում էին հայկական գյուղերի վրա, սակայն հետ էին շպրտվում[3]

Հենց այդ կռիվների ընթացքում վերոհիշյալ հայկական գյուղերում ձևավորվում էին ինքնապաշտպանության ջոկատներ։

Մարտի սկզբներից Սուլդայում ստեղծվում է հայ զինվորական խորհրդի ճյուղ և ինքնապաշտպանական խմբեր[4]։

Մարտի 10-ին և 11-ին գյուղի ինքնապաշտպանական խմբերը Հ. Հ. Դաշնակցության դրոշի առաջ, որը ծածանվում էր դրոշակակիր Արշակի ձեռքին, երդում տալուց հետո համբուրում են դրոշը, ս. Ավետարանը և ս. Խաչը։

Այնուհետև տեղի է ունենում զորահանդես, որի ժամանակ իրենց հմտություններն են ցույց տալիս հեծելազորն ու հետևակը։ Գյուղի հրապարակում հավաքված ժողովրդի և զինվորականության առաջ հայրենասիրական ճառերով հանդես են գալիս՝ գյուղի քահանա Արսեն Բլրցյանը և Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի ներկայացուցիչ, գյուղագիր, ծագումով Սուլդա գյուղից՝ Հովհաննես Մալխասյանը[5]։

  1. Տե՛ս «Հորիզոն» 1918թ., № 66։
  2. Տե՛ս «Հորիզոն» 1918թ., № 68։
  3. Նույն տեղում։
  4. Տե՛ս «Հորիզոն» 1918թ., № 66։
  5. Տե՛ս «Շարժում» 1918թ., № 22։