Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/136

Այս էջը հաստատված է

բնակիչների հետ, դիլիսկացիները հաջողությամբ հետ էին մղում մուսուլմանների հարձակումները և հաճախակի նեղը գցում նրանց։

Բավարար հաջողությամբ էին պաշտպանվում նաև Վաչիան գյուղի բնակիչները։

Ազգային խորհրդի նախագահ՝ Աշոտ Տեր-Սիմոնյանի, Արշակ Նահապետյանի և Արշակ Գասպարյանի գլխավորությամբ ստեղծվեց 250—300 մարդուց բաղկացած գումարտակ՝ մարտ ամսվա սկզբներին, այն օրերին, երբ նոր էին սկսվել գարնանացանի աշխատանքները և թուրքական Հոկամ, Քարսեպ, Ազմանա գյուղերի հեծյալ հրոսակները հաճախակի հարձակումներով խանգարում էին գյուղացիներին և թույլ չէին տալիս հանգիստ աշխատել։

Ժամանակակիցները[1] պատմում են, թե ինչպիսի մեծ նշանակություն էին տալիս այդ օրերին գյուղում կարգապահությանը։ Զինվորներից մեկը լքում է դիրքերը և փախչում տուն։ Աշոտ Տեր-Սիմոնյանը նրան գտնում է իր տան կտուրի վրա և մաուզերով տեղն ու տեղը սպանում։

Ինքնապաշտպանությանը մասնակցում էին նաև կանայք, որոնց ներկայությունը ոգևորում ու քաջալերում էր տղամարդկանց։ Ըստ վաչիանցի Լևոն Աբրահամի Զաքարյանի պատմածի, վաչիանցիներին առաջին ճակատամարտին ուղեկցել է Իգիթյան Հարությունի երիտասարդ կինը՝ Շողանը, որը Սաթխացի աղջիկ էր։ Շողանը, երբ տեսնում է, որ որոշ տղամարդիկ վախենում են մարտի դուրս գալ, վերցնում է եղանը և դիմելով նրանց ասում. «Ինչո՞ւ եք վախենում հրացանները ձեռքներիդ… Ես եղանով կգնամ առաջինը, եկեք իմ հետևից…»)։ Շողանը նետվում է առաջ, իսկ տղամարդիկ հետևում են նրան։ Թուրքերը, որ արդեն մոտեցել էին գյուղին, ընկրկում են և դիմում փախուստի: Հաղթանակը կատարյալ էր։

  1. Տե՛ս ժամանակակիցներ՝ Բառբառյան Աղասի (1907թ. ծնված), Ավենյան Ավետիս Արտաշի (ծնվ. 1906-ին), Զաքարյան Լևոն Աբրահամի (ծնվ. 1906-ին):