Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/137

Այս էջը հաստատված է
ԳԱՎԱՌԻ ՀԱՅՈԻԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼԵՐԸ

Մարտի 3-ին (հին տոմարով՝ փետրվարի 18-ին) Խորհրդային Ռուսաստանն ստիպված ստորագրեց Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը՝ բոլշևիկների իշխանությունը փրկելու համար։ Այդ պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն ռուսական զորքերը դուրս պետք է գային Արդահանի, Կարսի և Բաթումի օկրուգներից։ Տեղական բնակչությունն ինքը պետք է որոշեր օկրուգների իրավակարգը՝ այն համաձայնեցնելով հարևան պետությունների, մասնավորապես Թուրքիայի հետ։ Այն հանգամանքը, որ Անդրկովկասյան կոմիսարիատը չէր ճանաչում խորհրդային Ռուսաստանը, Թուրքիայի համար է՛լ ավելի էր հեշտանում վերոհիշյալ շրջանների զավթելը[1]։

Թուրք բարբարոսները գրաված տարածքներում շարունակում էին 1915-ի ապրիլի 24-ին սկսած եղեռնը։ Այդ ժամանակ էր, որ Արդահանի հայությունը ենթարկվեց ծանր փորձության։

1918-ի մարտի 3 — 6-ին (ն. տ. 16 — 19-ին) գրավելով Արդահանը, թուրք հրոսակները զինաթափեցին տեղի հայկական վաշտը (ինչպես նաև հունական գումարտակը), գերեցին այն և տեղական ու Ախալցխայի գավառից գնացած թուրքերի հետ միասին անպաշտպան ու անզեն մնացած ժողովրդին՝ հայ կանանց ու երեխաներին, տղամարդկանց սկսեցին սրի քաշել, բռնաբարել կանանց ու աղջիկներին՝ իրենց ամուսինների ու հարազատների աչքի առաջ։ Մի ամբողջ նախիրով բռնաբարում էին մի կնոջ, կամ մեկը բռնաբարում էր մի քանիսին՝ հերթով[2]… Արդահանի օկրուգի գյուղերի և Արդահան քաղաքի 7000 հայությունից կենդանի մնացած 5000 մարդ, որ հազիվ էր մազապուրծ եղել, թողած ամեն ինչ, խուճապահար սկսեց փախչել դեպի Ախալցխա և Ախալքալաք։ Հայերից դատարկվեցին՝ Արդահան քաղաքը, Արտանուջ, Շավշեթ, Տանձուտ, Նորաշեն, Օկրոկապատ և այլ հայաբնակ գյուղերը…

Արդահանի իրավիճակի մասին, գանձապահ Իվանովը

  1. Տե՛ս Հայ ժողովրդի պատմություն (8 հատորյակ) 7 հատ., Եր., 1967թ., էջ 34:
  2. Տե՛ս «Շարժում», 1918թ., № 20 և № 21։