Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/14

Այս էջը հաստատված է

ներկայացուցիչները՝ այնտեղ Անդրկովկասյան կոմիսարիատին իրենց պահանջները ներկայացնելու համար:

Այդ օրը՝ հունվարի 2-ին, Քոբլիանում (այժմ՝ այն մտնում է Ադիգենիի շրջանի մեջ)[1] լուր է տարածվում, թե Ախալցխայի հայերը հարձակվել են Ղարաթուման և այլ թուրքական գյուղերի վրա, ավերել դրանք, որ իբր հայերը թուրքական գյուղերի բնակիչներին կոտորելով՝ շարժվում են Քոբլիանի (գրվում է նաև՝ Կոպլիանի) խորքերը:

Քաղաքի մոտի թուրքական գյուղերի բնակիչները ահաբեկված փախչում են: Քոբլիանի գյուղերի 3000 թուրքեր զինված գալիս են Քոբլիան և Փոցխով (այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում): Նրանք այստեղ պարզում են, որ հայերը թուրքական գյուղերին վնաս չեն տվել…

Այս սադրիչ լուրը հասել էր մինչև Աճարա: Ներքին Աճարայի բնակիչները Քոբլիանի թուրքերին օգնելու նպատակով՝ զինված խմբերով գալիս են Վերին Աճարա: Սակայն նրանք այստեղ լսելով, որ լուրերը սուտ են, որոշում են ձեռնունայն չվերադառնալ և թալանում են Ղուլայի (ըստ երևույթին՝ Խուլո) հույների խանութները, որը առաջ է բերում վերինաճարացիների արդարացի զայրույթը…

Այդ օրերին Ադիգոն (Ադիգեն) էին հավաքվել հազարավոր թուրքեր գավառի տարբեր մասերից՝ միտինգ անցկացնելու համար: Այդ միտինգին մասնակցում էին նաև հայերի 3 ներկայացուցիչներ:

Միտինգում ելույթ ունեցող բոլոր ճարտասանները գտնում էին, որ Ախալցխայի 116-րդ գունդը պետք է թուրքացվի, Ախալցխա քաղաքը և ամբողջ գավառը պետք է լինի թուրքերի գերիշխանության տակ: Նրանք առանց թաքցնելու ասում էին, որ իրենք (Անդրկովկասի թուրքերը) զորք չեն ուղարկի Թուրքիայի դեմ, իրենք կմնան թիկունքում, իսկ ռազմաճակատ՝ թող գնան հայկական և վրացական զորքերը… Իսկ, եթե հայերն ու վրացիները պատերազմեն իրենց (թուրքերի) հավատակից և արյունակից եղբայր օսմանյան Թուրքիայի դեմ, իրենք անտարբեր չեն մնա…[2]

  1. Ախալցխայի գավառը բաժանված էր երեք ենթաշրջանների՝ ա) Քոլիանի, բ) Ուրավելի, գ) Ածղուրի:
  2. «Շարժում», 1918 թ., № 2: