Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/140

Այս էջը հաստատված է

շատ էր (տեղական բնակչության կարիքներից դուրս գավառում կար լրացուցիչ 100000 փութ գարի)[1]: Չնայած գավառում մեծ թիվ էին կազմում արևմտահայ գաղթականները, բայց Ախալքալաքը բավարար միջոցներ ու հնարավորություններ ուներ կերակրելու նաև Ախալցխայի գավառի իր եղբայրներին։ Սակայն ցավով պետք է նշել, որ ճանապարհները փակ լինելու հետևանքով ախալցխացիների կողմից գնված 5000 փութ հացահատիկը չէին կարողանում լրիվ տեղ հասցնել։

Կոկիայի վրա հարձակվելու պատճառներից մեկն էլ հենց Ախալցխայի ճանապարհը բացելու նպատակն էր հետապնդում, որին այնքան շատ ձգտում էր Ուսուլ-Խեչոն:

Ախալքալաքի նախկին, քաղաքագլուխ և գավառի Հայոց ազգային խորհրդի նախկին նախագահ՝ Մկրտիչ Մարգարյանի վկայությամբ Կոկիայի դեմ տեղի ունեցող ռազմական գործողությունները գլխավորում էր քաջարի հայդուկ, ծագումով Ախալցխա քաղաքից, խմբապետ Ուսուլ-Խեչոն[2]: Նրա ջոկատի մարտիկներից բացի կռվին մասնակցում էին նաև շրջակա հայկական և վրացական գյուղերի բազմաթիվ զինված ջոկատներ, ընդհանուր թվով՝ 1000 մարդ[3]: Այստեղ էր իր ջոկատով նաև թիֆլիսեցի հայտնի խմբապետ Նիկոլը, որը հետագայում մասնակցեց նաև Ասպինձայի ճակատամարտին և մայիսի 12-ին կռիվներից մեկի ժամանակ սպանվեց…

Կռիվը տեղի ունեցավ մարտի կեսերին։ Կոկիացիները, չնայած փոքրաթիվ էին, բայց լավ էին զինված, որի շնորհիվ 2 օր կարողացան դիմադրել, սակայն, երբ նրանց ուժերը սպառվեցին, ջոկատի մարտիկները (համարյա բոլոր տղամարդիկ) գիշերը քողարկվելով սպիտակ սավաններով և օգտվելով առատորեն տեղացող ձյան պատճառով առաջացած անտեսանելիությունից, հանկարծակի հարձակվեցին փոստի շենքի մոտ պահակ կանգնած բզավեթցիների վրա, սպանեցին նրանց, զենքերը խլեցին և անաղմուկ անցնելով շրջապատման օղակից, փախան թուրքական Օթա գյուղը, որտեղից էլ Չըլդըր[4]։

  1. Տե՛ս «Մշակ», 1918թ., 9 մարտի։
  2. Տե՛ս «Մշակ», 1918թ., № 126։
  3. Տե՛ս АИМ, գործ. 3428, № 131։
  4. Տե՛ս АИМ, գործ 3428, թ. 131։ Նաև Ալաստան գյուղի բնակիչներ՝ Կոթոլյան Գրիշա Խաչատուրի (1906թ. ծնված), Մանուկյան Լևոն Հովսեփի (1901թ. ծնվ.), Մելիքյան Հովհաննես Պողոսի (1891թ. ծնվ.) վկայությունները…