Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/143

Այս էջը հաստատված է

Ագարա գյուղի 17 բնակիչներ, որոնք չէին հասցրել միանալ իրենց գաղթող համագյուղացիներին և շարժվել էին ուրիշ ուղղությամբ, երկար թափառումներից հետո, երբ մոտենում են գետին, արդեն ուշ է լինում, Քռի հորդացած ջրերը կամուրջը քշել-տարել էին… Գետի աջ ափից ոչինչ անել հնարավոր չէր։ Գումբուրդոցիները միայն անհույս փորձեր էին անում՝ հաց նետել գետի ձախ ափը, սովյալների համար, սակայն ապարդյուն… Թուրքերը նրանց գերում են, տանջում, կանանց ու աղջիկներին բռնաբարում…

Ինչպես պատմում է Է. Զազաձեն, իր մայրը չտանելով անարգանքը, հրաժեշտ է տալիս ամուսնուն, երեխաներին և ինքնասպան է լինում…

Թուրքերը թալանում և հիմնահատակ ավերում են Ագարա և Զեդաթմոգվի գյուղերը, պղծում են եկեղեցիները։

Ի դեպ, վրացիների նկատմամբ թուրքերի դաժանությունների մասին տեղեկանում ենք նաև «Մշակ» թերթում[1] տպագրված Դամալա հայկական գյուղի քահանա Հակոբ Տեր-Հակոբյանի ապրիլի 4-ի թղթակցությունից, որտեղ հեղինակը գրում է, թե իրենցից 8—10 վերստ հեռավորության վրա գտնվող վրացական Դադեշ, Րոկեթ, Զուրզել, Տոլոշ, Ագարա, Զեդաթմո (Զեդաթմոգվի — Ս. Ա.), Քունցա և Էրկոտա գյուղերը թուրքերը բոլորովին կողոպտել են, եկեղեցիները սրբապղծել, անասունները, ինչպես նաև մնացած շարժական և անշարժ ինչքը տարել։ Բնակիչներից ոմանք փախել են իրենց գերդաստաններով մյուս վրացական և հայկական գյուղերը… կան սպանվածներ, կանանց բռնաբարումներին թիվ չկա, գեղեցիկ կանանց ու աղջիկներին տարել են կնության…

Գումբուրդոցիներն այդ օրերին Քուռի ձախ ափ քշեցին նաև Խերթվիսի գյուղական հասարակության Վերթախան և Միրաշխան գյուղերի մուսուլման քրդերին և Կարածախի գյուղական հասարակության Դանգալ գյուղի թուրքերին։

Հաջորդ ակտիվ ռազմական գործողությունները տեղի ունեցան Հոկամի, և Կարածախի գյուղական հասարակության

  1. Տե՛ս «Մշակ», 1918թ., № 80: