Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/157

Այս էջը հաստատված է

նախապատրաստության մասին գրում է. «Դամալա գյուղը գտնվում է լեռան անտառապատ լանջին, հինգ կիլոմետր Ասպինձայից արևելք։ Կապիտան Ալեքսիձեն մարտկոցի համար դիրքեր ընտրեց Դամալայի բարձունքի վրա… Տենդագին իրարանցումը, որ տիրում էր մարտից առաջ, փոխանցվել էր նաև գյուղի բնակիչներին։ Կավաշեն տների մոտ խմբերով կանգնած էին խայտաբղետ հագնված կանայք (դամալեցի— Ս. Ա.)։ Նրանք երկյուղով ու տագնապով էին դիտում, թե ինչպես են իրենց ամուսիններն ու տղաները զինվորների հետ գնում առաջավոր գիծ»[1]։

Ասպինձայում կուտակված հազարավոր զինված թուրքերը, որոնք ամիսներ շարունակ փակել էին Ախալքալաք-Ախալցխա ճանապարհը ու Հաֆիզ-էֆենդու և Շահի-աղայի գլխավորությամբ բազում չարիքներ էին գործում հայերի և մյուս քրիստոնյաների դեմ[2], օսմանյան բանակի սպա Հասան-բեգի ընդհանուր հրամանատարությամբ վաղ առավոտյան սկսեցին հարձակումը Դամալայի վրա։ Թուրքերն ընդհուպ մոտեցել էին Դամալային և դիրքավորվել գյուղի մատույցներում։ Նրանք դուրս գալով դիրքերից՝ «Ալլահ, ալլահ» գոռալով նետվեցին գրոհի։ Ալեքսիձեի հրամանով հրետանավորներն սկսեցին կոտորակային կրակ տեղալ նրանց վրա, որոտացին հայ-վրացական միացյալ ուժերի հրացանային համերաշխ համազարկերը։

Այդ պահին իր փոքր ջոկատով մարտի դաշտ էր գալիս մի հայ հոգևորական։ Նա, ինչպես նկարագրում է Ալ. Քութաթելին, գոտևորված էր մի քանի փամփշտակալներով, փարաջայի փեշերը գոտկատակը խրած։ Նա հրացանը ձեռքին թափահարում էր ու անիծում մի քանի խուճապի մատնված հայ կամավորների… Դիրքերից փախած այդ կամավորները միացան հոգևորականի ջոկատին և վազքով նետվեցին բլուրն ի վար դեպի թուրքերը։ Առջևից վազում էր խիզախ հոգևորականը։

Խիզաբավրացիների հետ ուս-ուսի կռվում էր մի վրացի երիտասարդ հոգևորական[3]։

  1. Տե՛ս К. Кутатели. նշված աշխ., էջ 210—211:
  2. Տե՛ս «Մշակ» 1918թ., №3։
  3. Տե՛ս А. Кутатели. նշվ. աշխ., էջ 214—215։