Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/165

Այս էջը հաստատված է

Կարածախի պաշտպանների թիվը բավականին ստվար էր։ Այստեղ էին կենտրոնացված Կարածախ, Սուլդա, Դադեշ և Մրակոլ գյուղերի զինված ուժերը, որոնց ընդհանուր թիվն անցնում էր հազարից… Այստեղ դիրքավորված էր նաև Ախալքալաքի հայկական կանոնավոր գունդը։

Ինչպես պատմում են ժամանակակիցները և ականատեսները[1], Չըլդըրի թուրքական հրոսակները մի քանի անգամ լավ «դաս» ստանալուց հետո երկար ժամանակ փորձ չէին անում դիմելու ակտիվ գործողությունների, որը զգալիորեն թուլացրել էր Կարծախի պաշտպանների զգոնությունը։ Մերոնց զգոնությունը թուլացել էր նաև թուրքական հրամանատարության տված հավաստիացումներից, որոնց իմաստը ընկալվում էր ուղղակի և միանշանակ։ Այդ կեղծ խոսքերի և խոստումների իսկական իմաստը երբեմն շատերի կողմից չէր ընդունվում…

Կարծախի պաշտպանները հանգիստ քնած էին՝ մի մասը տներում, մյուսները դիրքերում… Գնդի զինվորները, սովորության համաձայն քնած էին նույնիսկ պահակակետերում։

Գնդում կարգապահությունն ընդհանրապես շատ էր ընկած, որովհետև գնդի հրամանատար փոխ-գնդապետ Առաքելյանը հավանաբար գործի բերումով (նա ոչ միայն գնդի հրամանատարն էր, այլև միաժամանակ գավառի բոլոր զինված ուժերի) Կարծախում համարյա չէր լինում և գնդի հրամանատարությունը վստահում էր երիտասարդ ցածրաստիճան սպաներին։ Նրան հաճախակի փոխարինում էր 21—22 տարեկան կապիտան Ռեզնիկովը, որը, ճիշտ է, ինչպես վկայում է Հայոց ազգային խորհրդի լիազորի տեղապահ Պողոս Աբելյանը, սրտացավ վերաբերմունք ուներ դեպի հայ ժողովուրդը, դեպի իրեն հանձնարարված գործը, բայց իր հնարավորություններից ավելին չէր կարող անել[2]։

Ամենայն հավանականությամբ, թուրքերը երկար ժամանակ և բավականին լավ էին ուսումնասիրել հակառակորդին…

Նրանք քողարկվելով մթան մեջ՝ հանկարծակի և անաղմուկ

  1. Սեյրանյան Արտավազդ (Սուլդա), Պողոսյան Հակոբ (Կարծախ), Աղաբաբյան Սերգո (Կարծախ), Ալվարցյան Շավարշ (Կարծախ) և շատ ուրիշներ…
  2. Տե՛ս «Աշխատանքի դրոշակ», 1918թ., № 7: