խուզարկության և թալանի մասին, պահանջեց նրանց նկատմամբ կտրուկ միջոցների դիմել։
Վ. Գարդավաձեն նույնպես առավոտյան լսել էր թուրքերի ներկայացուցիչներին, և հավանություն տալով նրանց կարծիքին, գտավ, որ այս անգամ ևս պետք է հավատալ նրանց ու բանակցել: Իսկ եթե շարունակեն իրենց ոտնձգությունները քաղաքի նկատմամբ՝ ապա համապատասխան ուժ կա նրանց սանձելու:
Լ. Փիրալովը ամբողջ մեղքը գցեց բեկերի վրա…
Ջ. Զորյանն իր ելույթում ասաց հետևյալը.
«Ես նույնպես տեսնում եմ, որ մեր մթնոլորտը ջղայնացած է, բայց մենք պետք է ղեկավարվենք խելքով և ոչ թե զգացմունքով, բոլոր միջոցները պետք է գործ դնել արյունահեղության առաջն առնելու, քանի որ ղրանից միայն բեգերը և առհասարակ մութ տարրերը պետք է օգտվեն…»[1]: Նա միաժամանակ հուսադրեց ժողովականներին նրանով, որ ծայրահեղ դեպքում, եթե անհրաժեշտ լինի, կան թուրքերին զըսպելու ուժեր, բայց դրսից էլ՝ Բորժոմիից ու Քութայիսից, Ախալքալաքից ու Ալեքսանդրապոլից կգան օժանդակ ուժեր…
ժողովականների զայրույթն առաջացրեց առանց Զինվորական խորհրդի գիտության կայազորի պետ Լիպովեցկու տված զինաթափության հրամանը, որի իրականացումը մահացու հարված կլիներ հայերի, վրացիների, մասնավորապես Ախալցխա քաղաքի բնակչության համար:
Ժողովականները ցանկություն հայտնեցին՝ հեռացող ռուս զինվորներին փոխարինել նոր կազմավորվող զորամասերի (հայկական և վրացական) զինվորներով:
Ժողովում ստեղծվեց Միջկուսակցական խորհուրդ, որին, ինչպես իր հուշերում գրում է Գևորգյան ճեմարանի նախկին սան, Հրաչյա Ղազազյանը, չնայած չմասնակցեցին քաղաքի բոլշևիկները, սակայն նրանք նույնպես զինվորագրվեցին ինքնապաշտպանությանը և դարձան նրա մարտիկները…[2]
Ինքնապաշտպանությունը բոլոր կուսակցությունների ու խավերի համար դարձել էր սրբազան գործ։