Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/171

Այս էջը հաստատված է

խաչմերուկում։ Այստեղով են անցել Ախալցխա-Ախալքալաք-Կումայրի (Ալեքսանդրապոլ) ճանապարհը՝ հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք և Թիֆլիս-Ծալկա (Ծաղկի)-Կարս ճանապարհը՝ հյուսիս արևելքից դեպի հարավ-արևմուտք…

Գյուղի հարավ-արևելյան մասում 7 բլուրների վրա մոտ 20 հեկտար տարածություն զբաղեցնող ամրոցի մնացորդներ կան: Ըստ Ե. Լալայանի, ամրոցը պատկանել է Ամբակում իշխանին և անունը Սուկերլաթ է, իսկ գյուղը Սաթղ անունով աղայի է պատկանել, որի անունով էլ այն կոչվել է Սաթխա[1]:

Ամրոցի ներսում և դրսից՝ պատերի տակ կան բազմաթիվ տների ավերակներ ու տան հետքեր։ Ամենայն հավանականությամբ այս ամրոցը, որի հիմքերը կիկլոպյան են, հետագայում, գուցե միջին դարերում, ընդարձակվել և վերակառուցվել է, հենց Սաթխա էլ կոչվել է։ «Սաթխա» բնակավայրի անվանումը հանդիպում է XIII դարի վերջի, XIV-ի սկզբներին նշանավոր հայ պատմագիր Ստեփանոս Օրբելյանի ժամանակագրությունում «Սատախե» ձևով։ Տպագիր բնագրում գրված է «Սախատէ»[2], որից հավանաբար օգտվել է Հ. Գ. Մարգարյանը և նույն ձևով է ներկայացրել այդ տեղանվանումը[3]

Իսկ Գ. Մ. Գրիգորյանը իր «Սյունիքը Օրբելյանների օրոք» գրքում գրում է «Սատախե» ձևով[4] և հավանաբար սա է ճիշտը։ Ի դեպ, «Սատախա» անվամբ բնակավայր կա նաև Փոքր Հայքում։ Այս անվանաձևին համամիտ է նաև Թբիլիսիի համալսարանի դասախոս պ. Մերաբ Բերիձեն։ Հավանաբար տպագրական սխալի հետևանքով դարձել է «Սախատե»։

Սատախեի տեղը, ինչպես գրում է իր գրքում Հ. Գ. Մարգարյանը, առայժմ անհայտ է, Վ. Հակոբյանը ենթադրում է, որ Սատախեն գտնվում էր Թբիլիսիից հարավ-արևմուտք[5]։

  1. Տե՛ս Երվանդ Լալայան, Երկեր, հատոր 1, Եր., 1983թ., էջ 61։
  2. Տե՛ս Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Եր., 1986թ., էջ 510 (ծանոթ. 1261)։
  3. Տե՛ս Հ. Գ. Մարգարյան, Հյուսիսային Հայաստանի և Վրաստանի ժբ դարի պատմության մի քանի հարցեր, Եր., 1980թ., էջ 184։
  4. Տե՛ս Գ. Մ. Գրիգորյան, Սյունիքը Օրբելյանների օրոք, Եր., 1981թ., էջ 24։
  5. Տե՛ս Հ. Գ. Մարգարյան, նշվ. աշխ., էջ 184։