Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/181

Այս էջը հաստատված է

կամավոր զինվորագրված մարտիկներից կազմված վաշտը՝ սարթխացի, ցարական բանակի նախկին սպա Ստեփան Մուշեղի Կոպալյանի հրամանատարությամբ։ Վաշտի կորիզը կազմում էին սարթխացիները (մոտ 40 մարդ)։ Նրանք իրենց հետ բերում են նաև մի թնդանոթ (Առաքելովն էր այն տվել)՝ սակավաթիվ արկերով։ Հրանոթի անձնակազմի հրամանատարն էր ցարական բանակի նախկին հրետանավոր խոջաբեկցի Չոբանյան Հարությունը։ Հրանոթը տեղավորում են Սաթխայի բերդի վրա, որտեղից ամբողջ Գոգաշեն սարահարթը երևում էր ինչպես ափի մեջ։ Մայիսի 10(23)-ին Ազգային խորհուրդը Կոպալյանի այս վաշտը ընդգրկում է Սաթխայի զինված ուժերի մեջ։ Վաշտը դիրքավորվում է ռազմաճակատի Մեծ Խանչալի-Դիլիֆ հատվածում։ Թուրքերը, որ այդքան հեշտ հաղթանակ էին տարել Կարծախում, Մեծ Խանշալիի մոտ կրեցին ծանր պարտություն և հետ շպրտվեցին, որի հետևանքով Կարծախի հատվածում սիրտ չարեցին առաջ շարժվել նահանջող հայկական գնդի հետևից, նույնիսկ այն դեպքում, երբ գավառի հարավ-արևմտյան հատվածի հայությունն իր զինյալների հետ միասին գաղթել էր Թափարավանի աջ ափը, մինչև Գորու գավառի սահմանները…

Թուրքերը չէին կարող տանել նման անհաջողությունը, երբ ամբողջ ռազմաճակատում իրենք էին դրության տերը։ Մայիսի 16(3)-ին գրավելով Ալեքսանդրապոլը, ինչպես ասվել է վերևում, մայիսի 18(5)-ին Ալեքսանդրապոլից դեպի Ջավախք զորքեր ուղարկեցին այն գրավելու, հայերին տեղահան անելու, բնաջնջելու և թուրքաբնակ Բորչալուի վրայով Թիֆլիսի վրա գնալու։

Թուրքական կանոնավոր զորամասը համալրվեց նրանց անհամբեր սպասող Աղբաբայի (այժմ Ամասիայի շրջ.) թուրքերով և հարավից շարժվեց դեպի մարտնչող Սաթխայի վրա։

Թուրքական մեծաքանակ զորքերի Ջավախք շարժվելու լուրը Սաթխայի հետախույզներ Օննիկ Պճարյան ու Իսպիրյանը անմիջապես հասցրին գյուղի Ազգային խորհրդին։ Գյուղի Ազգային խորհուրդը այս մասին տեղեկացրեց Ախալքալաքի Ազգային խորհրդին և Առաքելովին։ Սաթխայի զինված ուժերը, որոնք առաջին փայլուն հաղթանակից հետո բարձր տրամադրություն ունեին, բերվեցին մարտական պատրաստության։ Կոպալյանի վաշտը հանվեց Մ. Խանչալիի մոտից