Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/185

Այս էջը հաստատված է

չէր անում հարձակվել։ Նախորդ պարտությունները նրանց լավ դաս էին եղել… Ձախ թևը համալրում ստանալով՝ երեկոյան ետ է մղում թշնամու նաև երկրորդ կատաղի գրոհը։ Անընդհատ տեղացող անձրևը, ձյունը (Ջավախքի համար սովորական երևույթ է գարնանը, երբեմն նույնիսկ ամռանը՝ ձյուն տեղալը), անթափանց մութը, հայերի համառ դիմադրությունը ստիպում են թուրքերին գրոհը հետաձգել մինչև հաջորդ առավոտյան…

Ազգային խորհուրդը որոշում է՝ օգտվել մթությունից՝ ետ քաշել զորքը ու նոր դիրքեր գրավել գյուղի մերձակայքում՝ ռազմաճակատի գիծը կարճացնելու և ուժերը համակենտրոնացնելու համար։

Մինչև ոսկորները թրջված, մրսած ու հոգնած զինվորները սկսում են գաղտնի տեղաշարժը։ Ձախ թևը Օրլովկա գյուղի մոտից ետ քաշվելով մոտ 4 կմ, դիրքավորվում է ռուսական Ղարաղալա (Սպասովկա) գյուղի մոտ՝ «Ղարաղալու յամջըներ» կոչվող վայրում, գետի աջ ափի ժայռերի մեջ, «Սատկածներ», «Հոտաղդըմի» կոչվող հանդամասերում, որտեղ դեռևս մեկ ամիս առաջ դիրքերը փորված-պատրաստ էին։ Աջ թևը, որը երեկոյան ետ էր քաշվել Դիլիֆից, ետ քաշվեց նաև Մ. Խանչալիից 7—8 կմ դեպի Օրջալար և ամրացավ այնտեղ գյուղի հարավային կողմի հանդամասերում՝ «Շոռաղում» և «Դավալիում»։ Այսպիսով, ռազմաճակատի գիծը, անցնելով Սաթխայի հարավ-արևմտյան եզրով, 5 — 6 կմ. երկարությամբ ձգվում էր Սպասովկայից մինչև Օրոջալար։ Զորքի դիրքավորվելուց հետո հրամանատարությունը թույլ տվեց զինվորներին հերթով՝ ջոկերով, դասակներով, գնալ գյուղ՝ չորացնելու ու փոխելու շորերը։ Այս ամենը կատարվում էր մեծ զգուշությամբ ու բարձր կարգապահությամբ։

Անձրևի ու ձյան, ցրտի պատճառով հայ զինվորները, որոնք սարսափելի հոգնած էին, թրջված, վիրավոր, չէին կարողանում աչք փակել, գոնե փոքր-ինչ հանգստանալ։ Թուրքերի վիճակը բոլորովին ուրիշ էր։ Նրանք, չափազանց մեծ գերակշռություն ունենալով Սաթխայի ուժերի նկատմամբ, առանց երկյուղ կրելու հանգստանում էին գրաված գյուղերում։ Զենքի և ռազմամթերքի պակասը լրացնելու համար ազգային խորհուրդը Ախալքալաք է ուղարկում Ատուր