Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/186

Այս էջը հաստատված է

Տեր-Ստեփանյանի ջոկատը, ինչպես նաև Տեր-Խորենին ու Զորաբաբել Նունյանին։ Այդ վտանգավոր ու դժվարին օպերացիայի համար, անձրևոտ ու մութ գիշերը շատ հարմար էր, որի քողի տակ Սաթխայի պատվիրակությունը բարեհաջող հասնում է Ախալքալաք։ Գտնում են Առաքելովին և նկարագրում ծանր իրադրությունը, խնդրում օգնություն։ Առաքելովը զենք ու զինամթերք է տալիս նրանց և խորհուրդ՝ գաղթել… Ուրիշ ոչնչով չէր կարող օգնել։ Պատվիրակությունը վերադարձի ճանապաիհին մարտի է բռնվում վրա հասնող թուրքերի հետ, որի ժամանակ սպանվում է Ատուրը։ Ջոկին հաջողվում է զենքն ու զինամթերքը տեղ հասցնել։ Երբ Տեր-Խորենը (Տեր-Ստեփանյան) և Զորաբաբել Նունյանը ազգային խորհրդին հայտնում են, թե ամբողջ գավառը գաղթում է, իսկ Առաքելովն առաջարկում է Սաթխային ևս գաղթել, առաջանում է իրարանցում… Ազգային խորհուրդը Տեր-Սամվելի (Տեր-Գրիգորյան), Զաքար Կակոսյանի, Սարգիս Խանոյանի, ինչպես նաև նրանց կողմնակիցների պահանջով որոշում է ոչ մի դեպքում չգաղթել, նույնիսկ չգաղթեցնել կանանց, երեխաներին ու ծերերին, մնալ ամբողջ գյուղով ու կռվել մինչև վերջ… Ազգային խորհուրդը որոշում է Տեր-Խորենին ու Զ. Նունյանին կռվողների մեջ խուճապ առաջացնելու համար խիստ պաժել։ Ժողովուրդը, որը խռնված էր գրասենյակի շուրջը, քարկոծում է նրանց։ Վերջիններս հարազատների աջակցությամբ մի կերպ փախչում են Ծալկա։

Մայիսի 18(31)-ի առավոտյան նույնպես շարունակում էր ձյուն տեղալ։ Քնատ, հոգնած, մինչև ոսկորները թրջված, մրսած Սաթխայի պաշտպանները լուռ սպասում էին թուրքերի հերթական գրոհին։ Երբ թշնամին տեսնում է հակառակորդի դիրքերը դատարկված, կարծում է, թե պաշտպանները փախել են։ Սակայն հետախուզելով պարզում են սաթխարիների նոր դասավորությունը և առավոտյան ժամը 4-ին սկսում գրոհը։ Նրանք դիմում են իրենց ավանդական խորամանկությանը։ Իրենց առջևից քշելով բերում են ռուսական գյուղերին պատկանող խոշոր եղջերավոր անասունների մի ամբողջ նախիր… Պաշտպանները հանկարծակիի են գալիս, սակայն խուճապի չեն մատնվում։ Այս անելանելի վիճակից կարող էր դուրս բերել միայն հրետանին։ Եվ