Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/194

Այս էջը հաստատված է

Խորենիա և Թաքչա գյուղերի բնակիչները որոշում են չգաղթել։ Այս գյուղերում ապաստանած, գավառի հարավային շրջանների մի քանի հարյուր բնակիչներ ևս մնացին տեղում…

Խորենիայում՝ գյուղի բոլոր 600 բնակիչներին և 400 մարդ էլ այլ գյուղերի բնակիչների՝ ընդհանուր թվով 1000 կանանց ու երեխաների լցնում են երկու մարագ (տղամարդկանց սրի էին քաշել), թնդանոթային կրակով փլցնում են մարագները և բոլորին ոչնչացնում փլատակների տակ։

Ինչպես պատմում են ականատեսները, մարագների փլատակներից մեկ շաբաթ վիրավորների տնքոցներ են լսվել։

Շատ քչերին է հաջողվում մազապուրծ լինել։ Մոտ 100 գեղեցիկ հայուհիների տեղական թուրքերը տարել էին կնության, որոնց թվում Մեծ Խանչալի գյուղի դպրոցի վարժուհի Սիրանույշ Տերոյանին[1]։

Նույն քստմնելի պատկերը կրկնվում է նաև Թակչայում։ Մեծ Գոնդուրա գյուղի ծխատեր՝ Հակոբ քահանա Անտոնյանը, որն իր գերդաստանով ապաստանել էր Թակչայում, գյուղի բնակչությանը փրկելու համար 10000 ռուբլի է տալիս թուրք բարբարոսներին։ Սակայն թուրքերը մնում են անդրդվելի իրենց հրեշային վճռի մեջ և կատարում են ոճիրը…

Սկզբից խաբում և զինաթափում են տղամարդկանց (այդ կատարում էին տաճիկ (Թուրքիայի) զորքերը, թուրք խուժանի հետ միասին)[2]։

Այնուհետև, առաջինն սպանում են Հակոբ քահանա Անտոնյանին և հետո ժողովրդին (մոտ 1000 մարդ) տանում են Խորենիա, լցնում հարդանոցները և ոչնչացնում նույն մեթոդով, ինչպես խորենեցիներին[3]։

Վերջին տարիներս Խորենիայի և Թակչիայի անմեղ զոհերի հիշատակին նրանց սերունդների կողմից կանգնեցված են հուշարձաններ նույն մարագների տեղերում, որտեղ տեղի էր ունեցել զարհուրելի եղեռնագործությունը։

Ճիվաղների ճանկերից մազապուրծ եղած 80 հազարից

  1. Տե՛ս «Հորիզոն», 1918 թ., № 127։ Նաև «Հորիզոն», 1918 թ., № 129։
  2. Տե՛ս «Հորիզոն», 1918 թ., № 129։
  3. Տե՛ս «Հորիզոն», 1918 թ., № 140։