Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/31

Այս էջը հաստատված է

օգտագործում էին թուլացնելու համար հայերի և վրացիների զգոնությունը, որի վառ ապացույցը եղավ բանակցությունների ընթացքում Էրզրումի գրավումը…

ԱՆԱՌԻԿ ԱՄՐՈՑ

Ախալցխան 1917-ին դասվում էր Անդրկովկասի 5000-25000 բնակիչ ունեցող քաղաքների շարքը[1]: Ըստ Ե. Սիմոնյանի 1917—1918 թթ. քաղաքն ուներ մոտ 20 հազար բնակիչ[2]:

Անմիջապես քաղաքի շրջապատում էին գտնվում գավառի հայկական 16 գյուղերից 15-ը (Դամալա մեծ գյուղը գտնվում էր քաղաքից 30 վերստ հեռավորության վրա գավառի արևելյան մասում, ներքին Ջավախքում, Ասպինձայից 5 կմ դեպի Արևելք՝ շրջապատված թուրքական 20 գյուղերով: Այն Ախալքալաքի սահմանների մոտ էր և մտնում էր Ախալքալաքի ինքնապաշտպանական ուժերի ոլորտի մեջ…): Վերոհիշյալ 15 գյուղերն էին՝ Ջաջարակ, Ծիրա, Ծուղրութ, Սուֆլիս, Սազել, Ղուլալիս, Խակ, Օրալ (այս վերջին երկու գյուղերում ապրում էին հայեր և թուրքեր), Փոքր Պամաճ, Մեծ Պամաճ, Ծինուբան, Աբաթխև, Ջուլղա, Ծղալթբիլա, Նիոխրեբ։ Քաղաքի շրջապատում էին նաև վրացական՝ Ուդե, Արալ, Վալե, Անդրիածմինդա, Ղրել, Ջուբարեթ, Միքելծմինդա, գյուղերը։

1917-ի դեկտեմբերյան օրերին՝ քաղաքի հետ մեկտեղ այս հայ-վրացական գյուղերն ընկան շրջապատման օղակի մեջ, և առաջացան ինքնապաշտպանության բնական սահմանները։

Այս սահմանների մասին Երվանդ Սիմոնյանը, որն այդ դժվարին օրերին գտնվում էր հայրենի Սազել գյուղում (նա Էջմիածնի ճեմարանի սան էր և գնացել էր արձակուրդ), իր հուշագրության մեջ գրում է հետևյալը. «Քաղաքն իր շրջակա հայ և վրացական գյուղերով ծվարել էր 150—170 քառակուսի կմ մի տարածության վրա, սահման ունենալով արևելքից՝ դեպի Բորժոմ տանող խճուղու վրա Տավշան-թափան ու նրանից մի քիչ արևելք մինչև Ծնիս և Կլդե թուրքաբնակ

  1. Ա. Հ. Հարությունյան, նշված աշխատություն, էջ 10-11:
  2. Ե. Սիմոնյան, նշ. աշխ., էջ 23։