Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/34

Այս էջը հաստատված է

տեսանք, երբ հեռացավ քաղաքից, համարյա ամբողջ զենքն ու զինամթերքը, հանդերձանքը թողեց տեղում, որի առիթով էլ տեղական թուրքերը գավառը հասցրել էին ազգամիջյան պատերազմի՝ իրենց համարելով գավառի իսկական տերերը և ռուսական զորամասի օրինավոր ժառանգորդները…

Մեծ թվով հրացաններ, փամփուշտ և զենքի այլևայլ տեսակներ իրենց հետ բերել էին տարբեր ռազմաճակատներից վերադարձած ախալցխացի հայ և վրացի զինվորները։ Նրանցից ոմանք նույնիսկ մի քանի հրացան էին բերել։ Հայկական բոլոր զորախմբերն էլ բավական լավ էին զինված։ Ունեին բազմաթիվ գնդացիրներ և թնդանոթներ։ Փամփուշտի պակասություն բնականաբար, պետք է առաջանար երկարատև ռազմական գործողությունների հետևանքով։ Սակայն ախալցխացիները, որոնց մեջ շատ կային բարձրակարգ արհեստավորներ, այս հարցում ևս գտան ելքը։ Քաղաքում և նրա սահմաններից շատ հեռու զինագործների մեծ համբավ վայելող Չիֆթալարյան ընտանիքը հմտորեն կազմակերպեց ու գլուխ բերեց փամփուշտ պատրաստելու գործը։ Չիֆթալարյան եղբայրները սովորական կարի մեքենաներն այնպես էին ձևափոխել, որ դրանցով մեծ արագությամբ պատրաստում էին փամփուշտներ։ Մեքենաների վրա աշխատում էին կանայք, օրիորդներ և երեխաներ։ Որպեսզի զինագործների գործը հեշտանար, պատվիրված էր կրակված փամփուշտների պարկուճները հավաքել և ուղարկել զինագործարան[1]։

Գիմնազիայի մաթեմատիկայի դասատուներ՝ Գրիգոր Հախումյանը և Պետրոս Հովհաննիսյանը մոբիլիզացվել էին որպես հրետանային գործի մասնագետներ, և հրահանգավորում էին հրետանավորներին։

Ինքնապաշտպանության ոգին համակել էր բոլորին։

Վտանգի հենց առաջին օրերից գավառի հայության շրջանում տիրում էր համընդհանուր խանդավառության, մարտական ու բարոյական բարձր հատկանիշների դրսևորման մթնոլորտ…

Յուրաքանչյուր ոք ինքնապաշտպանությունը համարում էր իր հիմնական գործն ու նպատակը։ Ահա, թե ինչպես է իր

  1. Տե՛ս «Բանբեր Հայաստանի արխիվների», 1988 թ., № 1, էջ 149: Նաև «Լրաբեր», 1918 թ., № 4։ Նաև Ե. Սիմոնյան, նշվ. աշխ. էջ 23։