Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/38

Այս էջը հաստատված է

շաբաթ: Քաղաքային վարչությունը և Հայոց ազգային խորհուրդը, չնայած նյութական սուղ պայմաններին և քաղաքական անբարենպաստ ու ծայրահեղական իրավիճակին, այնուամենայնիվ ժամանակ էին գտնում զբաղվելու դպրոցների և ուսուցիչների հարցով, վերջիններիս նյութական վիճակի բարելավման հիմնահարցով։

Փետրվարի 3-ից քաղաքում սկսվել էր «դպրոցական շաբաթ» միջոցառումը, որը կրում էր տոնական բնույթ։ Այդ օրերին տեղի էին ունենում տոնախմբություններ, խրախճանքներ, որոնց մասնակցում էր քաղաքի ամբողջ բնակչությունը։ Եղիսաբեթյան և Կարապետյան դպրոցների առկա և նախկին՝ 8—45 տարեկան սաները երեկույթներ և ներկայացումներ կազմակերպելով, գոյացած գումարը նվիրում էին հիշյալ դպրոցներին։ Քաղաքային դումայի կողմից ներկայացված՝ դպրոցների ծախսերի համար նախատեսված պետական բյուջեի նախագիծը, որը կազմում էր 60 հազար ռուբլի, հաստատվել էր։ Այդ հանգամանքն ավելի էր ոգևորել քաղաքացիներին, որոնցից յուրաքանչյուրն իր լուման էր ներդնում դպրոցական գործում…

Այս կապակցությամբ «Շարժում» թերթը գրում է. «Այս շաբաթվա ընթացքում Ախալցխայի հայ հասարակությունն իր բոլոր խավերով և բոլոր հասակի երկսեռ անդամների մասնակցությամբ ուզում է ապացուցել, որ ինչպես ընդհանուր հասարակական վտանգի ժամանակ գիտե իր անձն ու գույքը ինքնապաշտպանության համար չխնայել, այնպես էլ պատրաստ է իր բարոյական ու նյութական զոհաբերություններն անել՝ կանգուն պահելու համար այն տաճարը, որի հիմքերը վտանգվելու փորձության առաջ են կանգնած, այն տաճարի, որի մեջ սերունդների երկաթակուռ կամքն ու գիտակցությունն են դարբնվում»[1]։

Ուսուցիչների նյութական վիճակի բարելավման գործընթացի ճանապարհին կատարվեց ևս մի կարևոր քայլ։ Լուծվեց հայոց դպրոցների ուսուցիչների ռոճիկների հարցը։ Հայոց ազգային խորհուրդը հանձն առավ լիովին վճարել ռոճիկները։

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ պետական դպրոցների ուսուցիչներին, որոնց ռոճիկները տալիս էր ֆինանսների

  1. «Շարժում», 1918 թ., № 26։