վտանգը սաստկանում էր, ինչպես այդ տեղի ունեցավ Ածղուրի դեպքերի ժամանակ։
Քաղաքային վարչության համար ոչ մի երկրորդական հարց գոյություն չուներ, չնայած ծայրահեղ իրավիճակին։ Ոչինչ չէր վրիպում ղեկավարության աչքից: Նրանք գտնում էին, որ ինչը վերաբերվում է քաղաքային կյանքին, այն սերտորեն կապված է ինքնապաշտպանության հետ։ Ինչպես Քաղաքային վարչությունը, այնպես էլ Քաղաքային դուման բազմիցս անդրադառնում էին նման հարցերի։
Հունվարի 29-ին տեղի ունեցավ Քաղաքային դումայի նիստ, որտեղ քննարկվեցին հետևյալ հարցերը։
ա) Քաղաքի սանիտարական վիճակը (զեկուցող՝ քաղաքային սանիտարական հոգաբարձության վարչության անդամ Ա. Ավագյան).
բ) քաղաքի միլիցիայի վերակազմության և 1918-ի նախահաշիվը (զեկուցող՝ միլիցիայի պետ Ս. Թեյմուրազյան).
գ) քաղաքային վարչության աշխատանքների բաշխումը (զեկուցող՝ քաղաքագլխի օգնական Այվազյան):
դ) էլեկտրական լուսավորություն՝ մասնավոր ձեռնարկությամբ (քաղաքագլուխ Զ. Զորյանը խոսելով Սուճյան եղբայրների կողմից քաղաքում հիմնված էլեկտրակայանի օգտակարության մասին՝ գտնում է, որ պետք է խրախուսել նման ձեռնարկումները, կոնկրետ Սուճյան եղբայրներին պետք է վճարել 3000 ռուբլի) և այլ հարցեր…[1]
Ախալցխան իր շրջապատի հայ-վրացական գյուղերի հետ դարձել էր անառիկ ամրոց՝ շնորհիվ քաղաքում և գյուղերում ստեղծված բարձր կարգապահության ու կազմակերպվածության, որը գալիս էր քաջարի ու բարոյահոգեբանական բարձր հատկանիշներ ունեցող ախալցխացիներից։ Այս գործում արտակարգ մեծ էր նաև ախալցխացիներին արժանի առաջնորդի՝ քաղաքագլուխ և Հայոց ազգային խորհրդի նախագահ՝ Զորի Զորյանի դերը։ Պետք է արժանին հատուցել նաև ապրիլի կեսերին քաղաք ժամանած գեներալ Մակաևին (Մաղաշվիլի), որի շնորհիվ ինքնապաշտպանության զորքերը անցան հարձակման…
- ↑ «Շարժում», 1918 թ., № 8 և № 10։