Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/6

Այս էջը հաստատված է

գրում է. «…Շրջապատող թուրքերը գրեթե ուժի օգնությամբ են զինվում, խմբվում, այն էլ վերևից (Պոլսից) եկած հրամանի, եկած բեզերի շնորհիվ…»:

1917-ի դեկտեմբերի 27-ին վաղ առավոտյան Ախալցխայում լուր տարածվեց, որ քաղաքը պաշարված է 15 հազար զինված տեղական թուրքերի կողմից:

«Խանութները անմիջապես փակվեցին և քաղաքացիները խումբ-խումբ հավաքված փողոցներում աշխատում էին լուրը ճշտել և տեղեկություններ հավաքել: Պաշարումը փաստ էր…»,— գրում է Ախալցխայում այդ ժամանակ լույս տեսնող դաշնակցության «Շարժում» թերթը[1]:

Պաշարման ճշտությունը պարզելուց հետո քաղաքի բնակիչներն անմիջապես կազմակերպեցին ինքնապաշտպանության գվարդիա և հմուտ փորձված հրամանատարների ղեկավարությամբ դիրքեր գրավեցին քաղաքի մերձակայքում:

Տագնապը համակել էր ամբողջ քաղաքը և շրջապատի հայ-վրացական գյուղերը: Առանձնապես սարսափի մեջ էին կանայք։ Նրանք լավ գիտենալով իրենց բարբարոս հարևաններին, բնականաբար գտնում էին, որ թուրքերի հնարավոր մուտքը քաղաք դառնալու է մեծամեծ չարիքների պատճառ… Իսկ երբ այրերը զինվեցին և դուրս եկան պաշտպանելու իրենց կանանց պատիվն ու երեխաներին, հայ կանայք անմիջապես գտան իրենց և սատար կանգնեցին ամուսիններին ու եղբայրներին: Նրանք հանուն երեխաների կյանքի ապահովության, պատրաստակամություն հայտնեցին տալ իրենց բոլոր զարդերը և անգամ կյանքը, հայտարարելով. «…թշնամին մեր շեմքում էլ դիմադրության կհանդիպի և միմիայն մոր դիակի վրայով կհասնի երեխաներին»[2]:

Այդ դեպքերի մասին «Մշակ» լրագիրը գրում է. «Ախալցխայի քաղաքագլուխը հեռագրում է, որ քաղաքը շրջապատված է 10.000 զինված մուսուլմաններով, որոնք հավաքվել են շրջակա թուրք գյուղերից և դրությունը վտանգալից է: Անհրաժեշտ է շուտափույթ օգնություն։ Աբասթումանը կտրված է: Թուրքերը պահանջում են իրենց հանձնել թե՛ քաղաքը, և թե՛ նրա շուրջը գտնվող բոլոր ռազմական դիրքերն

  1. «Շարժում», 1918 թ., № 1:
  2. «Շարժում», 1918 թ., № 2: