Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/68

Այս էջը հաստատված է

պատի ամրություններն ու խրամատները լրիվ պատրաստ կլինեին[1]:

Մայիսի 1-ին (հին տոմարով ապրիլի 18-ին) քաղաքը տոնական տրամադրության մեջ էր: «Խաս-Բաղչա» զբոսայգում, որը բարեկարգվել էր քաղաքային վարչության անդամ Գ. Մակարյանի ջանքերով, նվագում էր զինվորական նվագախումբը (քաղաքային վարչության որոշմամբ մայիսի 1-ից սկսած՝ շաբաթը երեք անգամ նվագելու էր նվագախումբը, որի համար պատրաստվում էր ծածկված բեմահարթակ: Քաղաքային խորհրդի որոշմամբ՝ զբոսանքի մասնակիցները զբոսայգու համար կիրակի և չորեքշաբթի օրերը վարձ չէին վճարելու, որովհետև այդ օրերը զբոսայգում նվագելու էր զինվորական նվագախումբը):

Զբոսայգում այդ օրը քաղաքի կանանց կողմից կազմակերպված էր վիճակախաղ-զբոսանք` հօգուտ Հայոց ազգային խորհրդի: Հանգանակության միջոցով Ազգային խորհրդին նվիրված կանանց ոսկիներն ու զարդերը դրված էին վիճակախաղի, որին ժողովուրդը, առանձնապես կանայք, ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում և այդ ունեցավ իր շոշափելի արդյունքը…[2]

Քաղաքում այդ մի քանի օրը, ինչպես նաև մայիսի 1-ին, խորհրդավոր անդորր էր: Շրջապատի գյուղերից կրակոցի ձայները հազվադեպ էին լսվում… Լուրեր էին պտտվում, թե թուրք գյուղացիները իրենց բեկերի նկատմամբ դժգոհություն են արտահայտել՝ քաղաքի հետ նրանց հարաբերություններն ընդհատելու և կեղտոտ պատերազմի մեջ քաշելու համար: Այդ հուզումների ժամանակ, ըստ լուրերի, Աղաբեգ Շարաբչիևը սպանել էր Սերվեր-բեգ-Աթաբագով-Քոբլյանսկուն։:

Զ. Դիդմամիշվիլին գտնում է, որ այդ լուրերի ճշտությունը հնարավոր է, որովհետև Աբասթումանի փետրվարի 28-ից մարտի 1-ը տեղի ունեցած մուսուլմանական համագումարի ժամանակ թուրքերի միասնությունը խախտվել էր…[3]

Որոշ անհամաձայնություն էլ ստեղծվել էր Ախալցխայում՝ Հայոց ազգային խորհրդի և զինվորական

  1. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 27:
  2. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 25 նաև № 27:
  3. АИМ, Զ. Դիդմանիշվիլի, օրագիր: Նաև «Շարժում», 1918 թ., № 26: