Մաղաշվիլու ապրիլի 20-ի հրամանը՝ Հայկական շտաբը լուծարելու մասին, չէր կատարվելու։ Զ. Զորյանը, որն արդեն կարճ ժամանակամիջոցում ձեռք էր բերել քաղաքականության անչափ մեծ փորձ, այս անգամ էլ, առանց վնասելու հայ-վրացական հարաբերությունները, հայկական զինված ուժերի ղեկավարությունը պահում էր իր ձեռքին և միաժամանակ համագործակցում վրացիների հետ՝ զինվորական իշխանությունների միջոցով։
Հայոց ազգային խորհուրդը անհրաժեշտության դեպքում հայկական զինված ուժերը դնում էր փորձված ու հմուտ զինվորական՝ գեներալ Մաղաշվիլու հրամանատարության տակ։ Վերջինս, ինչպես երևում է նրա վարած ռազմական գործողություններից, լավ էր տիրապետում ռազմական տակտիկային և հուսալի հրամանատար էր։
Դիպակ սարը, իր փարթամ արոտավայրերով, գտնվում է Ախալցխայից մոտ 10 կմ հարավ։
Հայկական Խակ, Օրալ, Սազել, Պամաճ գյուղերի յայլաղներն այստեղ էին գտնվում։
Շրջապատի թուրքերը չէին կարող Դիպակի այդ հրաշալի արոտավայրերի և խոտհարքերի նկատմամբ անտարբեր մնալ (ցավոք, Հայկական լեռնաշխարհի և Անդրկովկասի նման ընտիր ամառային (ինչպես նաև ձմեռայինի արոտավայրերի պատճառով էր, որ մեր հայրենիքը ողողվեց թուրքական քոչվոր ելուզակ ցեղերով…)։
Ապրիլի 23-ին Օրալ գյուղի երկու հետախույզներ Դիպակ սարում նկատելով զինված թուրքերի մեծ բազմություն, լուրը հասցրին գյուղ[1]։ Գյուղի ինքնապաշտպանության հրամանատարությունն ու գյուղի ղեկավարությունը ապրիլի 24-ին, պարզելու համար թշնամու թիվն ու դիրքերը, Դիպակ ուղարկեց հետախույզների ուժեղացված մի խումբ։ Հրամանատարությունը ճակատամարտի պլան մշակած լինելով, հետախույզների խմբին, ինչպես երևում է, հատուկ հանձնարարություն էր տվել…
- ↑ Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 27։