Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/91

Այս էջը հաստատված է

բոլոր խավերի և ազգերի կողմից։ Մայիսի 16(29)-ին, ինչպես վկայում է Զ. Դիդմամիշվիլին իր օրագրում, հրեաների ռաբբին՝ Բաազովը, ընդունեց Ախալցխայի Հայկական ազգային խորհրդի նամակը, որտեղ խորհուրդը ամբողջ հայության անունից հրեաներին հավաստիացնում էր իր վստահությունն ու հավատարմությունը[1]։

«Շարժում» թերթում մայիսի 17(30)-ին տպագրվեց Ախալցխա քաղաքի պարետ՝ գնդապետ Կանչելու հայտարարությունը, որտեղ նա գրում է.

«Քաղաքում վերջին ժամանակներս պտտվող լուրերը հրեաների անհուսալիության մասին, հետաքննությամբ պարզվել է, որ անհիմն են։ Խնդրում եմ և հավատացնում բնակչությանը, չանհանգստանալ և չհավատալ անհեթեթ լուրերին, քանի որ բնակչության մասին մտահոգությունը գտնվում է հուսալի ձեռքերում։

Քաղաքի պաշտպանությանը վերաբերվող այս կամ այն թյուրիմացությունը ծագելու դեպքում խնդրում եմ հայտնեք ինձ»[2]։

Թշնամիների սարքած սադրանքը, որը նետված էր որպես խայծ մեր թշնամիների կողմից, չընդունվեց և հայերի ու հրեաների դարավոր բարի հարաբերությունները չխաթարվեցին…

Այս էր ժամանակի հրամայականը։

ԴՐՈԻԹՅԱՆ ՎԱՏԹԱՐԱՑՈԻՄԸ

Անդրկովկասյան կառավարության կողմից ապրիլի 25(12)-ին առանց դիմադրության Կարսի հանձնումը թուրքերին՝ դավաճանություն էր։ Թուրք բարբարոսները գրաված տարածքներում հայ բնակչության նկատմամբ կատարում էին անասելի ոճրագործություններ, ինչպես արեցին Արդահանում…

Կարսից հետո հերթը հասավ Ալեքսանդրապոլին։ Հաշվի չառնելով Բաթումիում տեղի ունեցող բանակցությունները, թուրքերը շարունակում էին առաջ շարժվել դեպի Անդրկովկասի խորքերը։ Մայիսի 15(2)-ին գրավեցին Ալեքսանդրապոլը:

  1. Տե՛ս Զ. Դիդմամիշվիլի, օրագիր։
  2. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 32։