Ինչքան հեքիմ[1], ինչքան ջառահ[2], ինչքան բժիշկներ են գալիս, դեղ ու դուղ անում, ոչինչ չի լինում։ Հետո՝ է՛լ գրբաց ասես, փալչի[3] ասես, դերվիշ[4] ջադուքար[5], ջինդար[6], ոչով ոչինչ չի կարողանում անել։
Թագավորը տեսնում է, որ մարդկանցից օգուտ չկա, հույսը դնում է Աստուծո վրա։ Ամենայն օր մատաղ է անում, աղքատներին առատ ողորմություն է բաժանում, օրը յոթն անգամ աղոթք է անում, ծունր դնում, աղաչանք անում Աստծուն՝ չի լինում, չի լինում, չի լինում։
Մեկ օր էլ՝ իրա մտքի խորն ընկած, հույսը կորցրած, այդ թագավորը ման է գալիս իրա պարտեզումը տխուր ու տրտում, մեկ էլ տեսնում է. հրես մի սիրուն շահմար[7] օձ, իր ճուտերը գլխին հավաքած՝ ինքն ապառաժի վրա մեկնվել, արևգուն է արել, ճուտերն էլ խաղ են անում իրանով․ որը մոր վզովն է փաթաթվում, որը փորի տակն է մտնում, որը գլուխն է նրա բերանը կոխում կամ հոտոտում, լպստում։
Թագավորը այդ որ տեսնում է՝ մնում է տեղնուտեղը սառած-փետացած։ Մտիկ է տալիս, մտիկ, հետո մի խոր հոգոց քաշելով ասում է.
— Փառքդ շա՜տ լինի, արարիչ Աստված, օձի սիրտն էլ ես սեր գցել, որ իրա ձագերին սիրի, գուրգուրի, բայց ինձանում, դու էլ գիտես, որ քո տված սերը կա ու կա. ինչո՞ւ չես ինձ էլ մի օձի ձագ տալիս, որ ես էլ նրան սիրեմ, նրան գուրգուրեմ, նրանով մխիթարվիմ։
- ↑ Հեքիմ - բժիշկ
- ↑ Ջառահ - ինքնուս բժիշկ, բուժակ, նաև՝ կախարդ
- ↑ Փալչի - բախտագուշակ
- ↑ Դերվիշ - մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև
- ↑ Ջադուքար - ջադու, կախարդ
- ↑ Ջինդար - կախարդ, հմայող
- ↑ Շահմար - արքայօձ