Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/108

Այս էջը հաստատված է

Այս ամենը ցույց տալուց հետո առաջնորդող մարդը կրկին տարավ նրանց առաջվա սրահը և այնտեղ ասաց.

— Այն դիվական ծերունին, որ ձեզ խաբել բերել է, մեզ ամենիս էլ նա՛ է բերել այստեղ։ Թե քանի ժամանակ է, որ ես այստեղ եմ, ինձ հայտնի չէ, որովհետև այստեղ օր ու գիշեր չկա, այլ՝ կա միայն մի անվերջ խավար։ Այսքանը միայն գիտեմ, որ ինձանից առաջ և ինձ հետ եկող մարդիկը կոտորվել են ամենքն էլ։ Այստեղ բերում են երկու տեսակ մարդիկ, արհեստավոր և անարհեստ։ Արհեստավորներին աշխատեցնում են մինչև իրանց մահը, իսկ արհեստ չգիտցողներին տանում են սպանդանոց, որ ես ձեզ ցույց չտվի, և այնտեղից բերում են այն խոհանոցը, որ դուք տեսաք։ Ահա մի այսպիսի զարհուրելի տեղ է այս տեղը։ Ծերունի դևը մենակ չէ, նա ունի հարյուրավոր գործակիցներ, որոնք ամենքն էլ քուրմեր են։ Այս դժոխքի վրա է նրանց բնակարանը։

— Դու ա՛յս ասա՝ հիմա մեզ ի՞նչ են անելու,— հարցրեց Վաչագանը։

— Միևնույնը կանեն, ինչ որ մյուսներին։ Ով որ ձեզանից արհեստ գիտե՝ կապրի մինչև մեռնիլը, իսկ ով որ չգիտե՝ նրան կտանեն սպանդանոց։ Ես հիմա մեռելատանն եմ, ըստ որում՝ հայտնեցի, որ է՛լ աշխատելու ուժ չունիմ։ Բայց Աստված հոգիս չի առնում, երևի ուզում է ինձ լույս աշխարհի արժանացնել. և գիտե՞ք, ես հավատում եմ, որովհետև երազումս ինձ երևաց մի կինարմատ՝ գլխին թագաձև սաղավարտ, ձեռին երկսայրի սուր, մի հրեղեն ձիու վրա նստած, և ասաց ինձ. «Մի՛ հուսահատվիր, Վաղինա՛կ, ես կգամ շուտով և ձեզ ամենիդ կազատեմ»։ Ես վաղուց մեռած կլինեի, եթե այդ հրաշագեղ թագուհին ինձ հույս տված չլիներ. նրա տված հույսը իմ հոգուս սնունդ է տալիս, և ինչքան թույլ եմ մարմնով, այնքան ուժեղ եմ հոգով։ Ա՜խ, ի՛մ Վաչագան, որտե՞ղ ես, ինչո՞ւ ես մոռացել քո Վաղինակին…

Վաչագանը, որ մինչև այս ժամանակ մի թմրած վիճակի մեջ էր, և պատմողի խոսքերը միայն դնգդնգացնում էին նրա ականջի թմբուկը՝ առանց տպավորվելու մտքի վրա, վերջին խոսքերից սթափվեց նա իբրև մի խոր քնից և սկսեց հիշել երազի նման «թագուհի», «Վաղինակ», «Վաչագան» բառերը։ «Ուրեմն, սա մեր Վաղինակն է»,— մտածեց նա։ Այս մտածելով և ուշքի գալով՝ ուզում էր վրան ընկնիլ և գգվիլ, ուզում էր հայտնել, թե՝ ի՛նքն է Վաչագանը, բայց մեկ էլ չհավատալով իր ականջին՝ կրկին հարցրեց, թե ո՞վ է նա և ինչպե՞ս է ընկել այստեղ։

Վաղինակն իր պատմությունն սկսեց շատ հեռվից և Վաչագանին անծանոթ առարկայից։ Իսկ այդ միջոցին Վաչագանն սկսեց մտածել, որ լավ չի լինիլ, եթե ինքը հանկարծ հայտնե իր ով լինիլը, ըստ որում՝ մի այդպիսի հայտնություն, թե՛ ուրախություն և թե՛ կսկիծ լինելով՝ կարող էր սրի պես կտրել նրա կյանքի բարակացած թելը։ Այս պատճառով ընդհատեց նրա պատմությունը՝ ասելով.

— Քո անունդ, ինչպես լսեցի, Վաղինա՞կ է։

— Վաղինակ է, այո՛, Վաղինակ… ես մի ժամանակ…

— Եղբա՛յր Վաղինակ, շատ խոսիլը քեզ շատ վնաս է։ Ապրի՛ր մինչև քո երազը կատարվի։ Ես հավատում եմ քո երազին և շնորհակալ եմ, որ հայտնեցիր մեզ։ Այսուհետև մենք էլ կապրինք այդ հույսովը։ Լավ կանես, որ քո մյուս արհեստակիցներին էլ հայտնես քո երազը։ Ես ինքս երազ մեկնող եմ, հավատացնում եմ քեզ, որ երազդ պիտի կատարվի տեսածիդ պես։ Բայց ահա ոտքի ձայն է գալիս, դու գնա՛ քո տեղը։

104