Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/110

Այս էջը հաստատված է

— Իհարկե, ես շուտով կիմանամ, թե՝ որքա՞ն ճշմարիտ է ձեր ասածը. հիմա ասացե՛ք՝ ի՞նչ նյութեղեն և գործիքներ են հարկավոր, որ ես բերեմ։

Վաչագանը հայտնեց մի առ մի, թե ինչ ու ինչ է հարկավոր։ Մի քանի ժամից հետո ամեն ինչ պատրաստ էր։ Քուրմը պատվիրեց, որ երթան արհեստատունը, այնտեղ աշխատեն և նրանց հետ կերակրվին։

— Այնտեղ մեր գործը լավ չի հաջողիլ,— ասաց Վաչագանը։— Մեզ հարկավոր է ջոկ և ընդարձակ տեղ, և այս տեղը ամենից հարմար է։ Մեր գործի նրբությունը պահանջում է առատ լույս, աղոտ լույսի տակ ոչինչ չենք կարող կատարել. իսկ ինչ վերաբերում է մեր կերակուրին, պետք է գիտենաք, որ մենք մսակեր չենք, սովոր չենք այդ կերակուրին. հենց որ միս ուտենք, իսկույն կմեռնինք, և դուք կզրկվիք այն մեծ օգուտից, որ մեզանից կարող եք ստանալ։ Ճշմարիտն եմ ասում, որ մեր գործի մի քաշը հարյուր քաշ ոսկի կարժե…

— Շա՛տ լավ,— ասաց քուրմը,— ես ձեզ համար կուղարկեմ հաց և բուսեղեն կերակուր, դուք կունենաք և առատ լույս, բայց եթե ձեր գործը այնպես չլինի, ինչպես խոստանում եք, ես ձեզ ամենիդ սպանդանոց կուղարկեմ և սպանելուց առաջ ենթարկել կտամ չարաչար տանջանքների։

— Մեր ասածի մեջ ոչինչ սուտ չկա. եթե ուզում եք մեր խոստացած շահն ստանալ, պետք է միայն կատարեք մեր ուզածը։

Քուրմը կատարեց իր խոստումը։ Նրանց համար ուղարկում էր սպիտակ հաց, կանաչեղեն, կաթ, մածուն, պանիր և զանազան չոր ու թարմ մրգեր։ Վաղինակն էլ մասնակցեց այդ սնունդին, մյուսներին էլ նշխարքի պես բաժանում էին ծածկաբար սպիտակ հացից, որ հաղորդության տեղ էր բռնում և կենաց հացի պես կենդանություն տալիս նրանց։ Վաղինակը նոր սնունդի ազդեցությունով հետզհետե կազդուրվեց և կենդանի մարդու կերպարանք առավ։ Վաչագանն սկսեց իր գործը և իր ընկերներին էլ իրան օգնական շինեց։ Կարճ միջոցում պատրաստեց մի կտոր շատ պատվական դիպակ այնպիսի նախշերով, որոնց եթե ուշադրությամբ զննեին և իմանային նրանց խորհուրդը՝ նույն դժոխքի պատմությունը պիտի կարդային նրանց մեջ։

Քուրմը եկավ, տեսավ պատրաստած դիպակը և մնաց հիացած։ Վաչագանը, ծալելով իր գործքը ինչպես պետք էր և հանձնելով քուրմին, ասաց.

— Ես առաջ ասացի, որ մեր գործվածքի մի կշիռը հարյուր կշիռ ոսկի կարժե, բայց հիմա հարկավոր եմ համարում ասել, որ սա իմ ասածի կրկնապատիկը կարժե, ըստ որում՝ սրա վրա կան այնպիսի թալիսմաններ, որ հագնողին միշտ զվարթ և ուրախ կպահեն։ Այս կա միայն, որ հասարակ մարդիկը սրա գինը չեն իմանալ։ Սրա գինը կիմանա միայն Անահիտ թագուհին, և բացի նրանից ոչ ոք չի էլ համարձակիլ հագնիլ մի այսպիսի թանկագին գործվածք։

Արծաթամոլ քուրմը աչքերը չորս բաց արավ, երբ որ իմացավ դիպակի իսկական արժեքը։ Այս մասին նա խորամանկ քրմապետին ոչինչ չհայտնեց և մինչև անգամ ցույց չտվավ նրան։ Ուզեց, որ թագուհու տեսությանը միայն ի՛նքն արժանանա, և նրանից առած ավելի ոսկիքը ի՛նքը վայելի…

106