Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/118

Այս էջը հաստատված է

ծայրին։ Նրա խիտ և երկայն մազերը փռվեցին և ծածկեցին ամբողջ կազմվածքը ամեն կողմից, բացի հրացայտ աչքերից։ Նրա այդ տեսքը մի նոր սարսափ ձգեց ամբոխի վրա, որոնք իրանց քարե կարկուտը դադարեցրին իսկույն։ Այդ հանգամանքից էլ օգուտ քաղեց Անահիտը, մի անգամ էլ հարձակվեց քուրմերի վրա և մի քանիսին մահացու վերք տալով գետին գլորեց։ Հենց ա՛յդ ժամանակ վրա հասան զորքի առաջապահ նիզակավորները օրիորդների և տիկինների հետ, և իրանց թագուհուն հուսահատ կռվի մեջ տեսնելով՝ միաձայն աղաղակեցին և հարձակվեցին քուրմերի վրա։ Մի րոպե չանցած՝ կենդանի մնացած քուրմերը փախան. ամբոխը ետ քաշվեց, և բաց հրապարակի վրա մնաց Անահիտը՝ շրջապատված քաջասիրտ օրիորդներով ու տիկիններով։ Քրիստոնյաներից մինը բերավ նրա սաղավարտը, որ ազատել էր ամբոխի ձեռից։ Անահիտն իջավ ձիուցը ողջ-առողջ, կարգավորեց իր մազերը և սաղավարտը դրավ գլխին։ Հրաման արձակեց, որ եկող զորքը շրջապատե մեհյանը, որի մեջ պատսպարվել էին բոլոր քուրմերը և ներսից դուռը փակել։ Հետո, դառնալով դեպի ամբոխը, ասաց. «Եկեք այստեղ կարգով կանգնեցե՛ք հանդարտ, որ տեսնեք՝ ի՛նչ կա ձեր սուրբ քրմապետի սրբարանումը»,— և հրամայեց դուռը կոտրտել։

Մի զարհուրելի տեսարան բացվեց ժողովրդի առջև։ Դժոխային որջից դուրս սողացին բազմաթիվ հոգիք, որոնք նոր գերեզմանից հանած դիակների էին նմանում։ Շատերը վերջին շնչումն էին և ոտքի վրա կանգնել չէին կարողանում։ Նրանց ուրախության լացն ու կոծը, ճիչն ու աղաղակը մարդու սիրտ էին կտրատում։ Ամենից հետո դուրս եկան Վաչագանն ու Վաղինակը՝ գլխները քաշ գցած։ Թագուհին ճանաչեց Վաչագանին և նշանացի արավ իր մարդկանցը, որ նրան տանեն իրան համար պատրաստելի վրանը։ Վաչագանը գնաց Վաղինակի ձեռքից բռնած, որ աչքերը խփած կույր աղքատի պես հետևեց նրան։ Մյուս բոլոր դուրս եկողներին հրապարակի վրա նստեցնելուց հետո Անահիտը հրամայեց զինվորներին, որ ներս գնան և ամեն բան, ինչ կա-չկա, դուրս տան։ Զինվորները մտան դժոխքի մեջ և այնտեղից դուրս բերին նոր մեռած մարդկանց դիակներ, նոր կտրած գլուխներ, կթոցներով լիքը մարդկային լեշեր, մարդամսով լիքը կաթսաներ, զանազան արհեստի գործիքներ և պարագաներ…

Կռապաշտները, որ արդեն ամոթահարված և քստմնած էին, այդ ծայրահեղ եղեռնագործությունը տեսնելով՝ է՛լ չհամբերեցին և բարձրաձայն աղաղակեցին.

— Մե՜ծ է քրիստոնեից Աստվածը, դժո՜խք է մեհյանը, դևե՜ր են կուռքերը, սատանա՜յք են քուրմերը, կոտորե՛նք, ջնջե՛նք, սատկացնե՛նք սրանց…

— Ո՛չ, ո՛չ,— գոչեց թագուհին,— սպասեցե՛ք, չմոտենա՛ք տաճարին, ձեռք չտա՛ք քուրմերին, նրանց պատժելու իրավունքն ի՛մն է։ Մեզ հարկավոր է նախ և առաջ այս թշվառների հոգսը քաշել։

Եվ սկսեց հարցնել ամեն մեկին առանձին, թե՝ նա ո՛վ է, ի՛նչ տեղացի է։ Մեկն ասում էր՝ իմ անունս Առնակ է, ես Բաբիկի որդին եմ։ Այդ անունը բարձր ձայնով կրկնում էր քաղաքապետը, և ահա՛ մի ծերունի մարդ դողդողալով մոտենում էր և հեկեկալով ասում. «Ո՞ւր է իմ որդիս»։ Երկրորդի մայրն էր լույս ընկնում և ուշաթափ ընկնում իր մինուճար որդու վրա, երրորդի քույրը, չորրորդի եղբայրը։ Շատ քչերը մնացին անտիրական, այդպիսիներին էլ թագուհին առավ իր խնամակալության տակ. դրանց թվումն էին և Վաչագանի արհեստակիցները։

114