Թագավորը տեսնում է, որ դրանց ասածը ուղիղ է, մարդիկ է ուղարկում Մասիսի այս երեսը, որ գան այստեղից աղջկերք փախցնեն տանեն։
Դե հիմա թողնենք վիշապին, որ դեռ մի քանի օր քաղցած մնա, մենք էլ այդ մարդկանց հետ գանք Մասիսի այս երեսը։
Մասիսի այս կողմումը մի մեծ գյուղ է լինում, անունը՝ Արևան։ Գյուղի բնակիչները բոլորն էլ հայեր են լինում, ինչպես հիմա մենք ենք։
Այդ գյուղումը մի մարդ ու կնիկ են լինում կենալիս, երկու էլ աղջիկ են ունենում։ Կինը մարդու հետվակինն[1] է լինում։ Աղջկերանց մեկն էլ մարդու առաջվա կնկանիցն է լինում, մյուսը՝ հետվա կնկա հետ բերովի։
Մարդը իր հարազատ աղջկանը շատ էր սիրում, բայց խորթ աղջկանն էլ չէր ատում, իսկ ինչ որ կնիկն էր, նա ուրիշ տեսակ բնություն ուներ՝ շատ չար ու նախանձոտ սրտի տեր էր։ Նա իր աղջկանն էր սիրում, իսկ մյուսին ատելով ատում էր, նրա լույս արևը խավարացրել էր։
Մարդու աղջկա անունը Արևահատ էր, կնոջ աղջկանը՝ Մամխի։ Արևահատը հենց ուղիղ արևահատ էր. նրա երեսը արևի նման շափաղ-շափաղ էր անում, այնքան սիրուն էր. մյուսն էլ հենց ուղիղ մամխի էր՝ մամուխի[2] պես սև, նրա թփի նման փշփշոտ ու կոթռուճ։
Խորթ մոր բարկությունը շատ էր գալիս, թե ինչի իր աղջիկը այնքան տգեղ ու գեշ էր, իսկ Արևահատը այնքան սիրուն, այնքան գեղեցիկ։ Ամբողջ օրերով աշխատեցնում էր Արևառատին՝ աթար էր շինել տալիս, կով էր կթել տալիս, հաց էր թխել տալիս, աման էր լվանալ տալիս, խոտ ու դարման էր կրել տալիս, որ նրա սպիտակ ձեռները կնճռնոտվին, նրա շարմաղ երեսն այրվի, սևանա, նրա շիմշատ մեջքը կորանա, որ նրա ուժը պակասի, գունաթափվի, թառամի, բայց, ընդհակառակն, նա ավելի էր ուժովանում ու գեղեցկանում,