Թագուհին քաշվեց վրանի մյուս բաժինը, ուր նրա համար փափուկ փռվածք էին արել օրիորդներն ու տիկինները։ Այդտեղ նա հանեց իր զենքն ու զրահը և ուղարկեց Վաչագանին, իսկ ինքը, փռվածքի վրա թիկն տալով՝ ուզեց իբր հանգստանալ, բայց նրա երևակայությունն այնպես գրգռված էր, նրա սիրտը՝ այնպես վրդովված, որ հանգստանալ չէր կարողանում։ Մեկ՝ ուզում էր լիասիրտ ուրախանալ իր սիրելու ազատությունովը, բայց մեկ էլ՝ թվում էր նրան, թե դեռևս շրջապատված է կատաղի քուրմերով, և ինքը մե՛րթ հարձակողական և մե՛րթ պաշտպանողական դիրք է բռնում։ Մերթ ուզում էր իր արդար վրեժը հագեցած համարել, հիշելով, թե ինչպե՛ս էին թավալգլոր լինում դաժան քուրմերի գլուխները, բայց հանկարծ նրա առջև պատկերանում էին մարդամսով լիքը կաթսաները, և նոր արդեն սկսում էր ամբողջ մարմնով զինահարվիլ[1] ու զարզանդիլ ու սարսռիլ… Ահի այս խառնիխուռն տպավորությունները նրանից շուտ չհեռացան, իսկ այժմ ավելի չարչարում, քան թե հանգստություն էին տալիս։
Վաչագանը շատ լավ գիտեր, որ Անահիտը ինչքան որ քաջ էր, նույնքան և փափկասիրտ էր։ Գիտեր, որ նա կարող էր վրեժխնդրության հոգվով վառված անխնա կոտորել իր թշնամիներին, բայց նրա քնքուշ սիրտը կարող չէր հեշտությամբ մարսել մի այդպիսի կոշտ գործողություն։ Այս պատճառով շտապեց Անահիտից առնել իր զենքն ու զրահը։ Նա լվացվեց, մաքրվեց, փոխեց իր հագուստը, հագավ զրահը, կապեց արքայական թուրը և, դուրս գալով վրանից՝ երևաց զորքին, որ նրա տեսությանն սպասում էր անհամբեր։ Հենց որ երևաց Վաչագանը և ողջույն տվավ՝ զորքն ուրախության աղաղակ բարձրացրեց։ Թագավորը հայտնեց նրանց իր շնորհակալությունը։ Այդ միջոցին քաղաքապետը եկավ թագավորի ոտներն ընկավ, շնորհավորեց նրա ազատությունը և հայտնեց, որ ճաշ է պատրաստել կանաչ դաշտումը զորքի համար։ Թագավորը հրաման տվավ զորականներին, որ երթան ճաշեն և ուրախություն անեն, իսկ ինքը գնաց Անահիտի մոտ, ուր արդեն օրիորդներն ու տիկինները ճոխ սեղան էին սարքել և թագավորի գալուն էին սպասում, որ հացի նստեն։ Այստեղ էր և Վաղինակը՝ փոխած իր հնոտիքը և գեղեցիկ հագուստով զուգված։ Այդպես գեղեցիկ և ուրախ ճաշ չէր արած Վաչագանը իր բոլոր կյանքումը։ Այն ուրախությունն ու զվարճությունը, որ անում էին օրիորդները, Վաղինակին էլ մի այնպիսի հոգեկան զմայլանքի մեջ էին ձգել, որ նա կարծում էր, թե՝ երանելյաց աշխարհի մեջ է և հրեշտակների հետ է խնդում, ուրախանում։ Անահիտն էլ ազատվեց հոգեմաշ ցնորքներից և մի բաժակ գինուց հետո ի՛նքն էր առաջնորդում օրիորդներին ու տիկիններին սրախոսություն անելիս։
Այսպես ուրախ ճաշելուց հետո փողերը նշան տվին, որ ժամանակ է ճանապարհ ընկնելու դեպի տուն։ Առաջ ընկան թագավորն ու թագուհին, նրանց կողքին օրիորդներն ու տիկինները, իսկ հետևից բոլոր զինվորները, որոնք միաձայն երգում էին մի ազգային հաղթական երգ։ Երբ որ հասան Պերոժ քաղաքի հրապարակը՝ բոլոր քաղաքացիք, մեծ ու փոքր, այր ու կին միաբերան աղաղակեցին.
— Կեցցե՜ թագավորը, կեցցե՜ թագուհին, կորչի՛ն քուրմերը, կործանվի՛ն կռատունները[2], քրիստոնյա՜, քրիստոնյա՛ կուզենք լինել։
Թագավորը նրանց պատասխանեց, որ շուտով կգա հայրապետը և նրանց կմկրտե (և հիրավի՛, երկու օրից հետո եկավ Աղվանից Շուփհաղիշե կաթողիկոսը շատ քահանաներով և եպիսկոպոսներով և բոլոր պերոժցոց տարավ Կուրի եզրը, ուր մերկացան