Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/13

Այս էջը հաստատված է

իսկ մյուս աղջիկը, որ աղջիկ-պարոնի պես էր մեծանում, օրեցօր ավելի էր նիհարում ու գեշանում։

Արևահատը աշխատելուց չէր նեղանում․ նա այնպես էր սովորել աշխատանքին, որ առանց ստիպելու էլ ինքը մի րոպե հանգիստ չէր նստում։ Հենց որ ծանր աշխատանքը վերջացնում էր, տղամարդի անելիքներն էլ ինքն անում, պրծնում էր, ձեռք էր զարկում իր մանածին ու գործքին։ Տանը ջահրա[1] էր մանում, ջուր գնալիս էլ՝ իլիկը կամ սկսած գուլպան էր հետը տանում, որ աղբրին, մինչև հերթն իրան կհասնի, մինչև կուժը կլցվի, ինքը պարապ չի կանգնի, լախռահաչի[2] չտա, իրա իլիկը մանի կամ գուլպան անի։

Ամեն բան Արևահատի ձեռիցը գալիս էր. հորագործ, գետնագործ, ոստանագործ, կար, ձև, եփել, թխել, կթել, հարել, շինել, սարքել։ Մի խոսքով՝ մի աղջիկ էր, որ հատը չկար, բայց ի՛նչ կանես, որ խորթ մոր ձեռք էր ընկել, իր արած բանը ինչքան լավ էր լինում, այնքան վատ էր թվում անգութ մորը։ Ամեն անգամ, չար գայլի նման, մի պատճառ էր փնտրում ու անմեղ Արևահատին ոտի տակը գցում, տրորում, մազերից քաշքաշում, քիթ ու պռունկը արունլվա անում, մարդուն էլ հավատացնում, թե՝ քո աղջիկը հոգիս բուկս է հասցնում իր չարությունովն ու կամակորությունովը։ Արևահատը չէր կարողանում իրան արդարացնել․ ուզում էր մի խոսք ասել, արտասուքը խեղդում էր նրան, հայրն էլ հավատում էր կնոջ խոսքին ու բարկանում աղջկա վրա։

Արևահատը իր սրտի ցավերը միշտ իր մոր գերեզմանի վրա էր թափում։ Շատ անգամ գնում էր գերեզմանատուն, մոր գերեզմանի վրա չոքում, աղի արտասուք թափում, գանգատվում, սիրտը հանգստացնում, էլ ետ գալիս տուն։ Շատ անգամ մոր գերեզմանի վրա էր դնում գլուխն ու քնում, երազումը մորը տեսնում, վզովն ընկնում, փաթաթվում, նա էլ մխիթարում էր նրան ու խրատ էր տալիս, որ բարի լինի, բարի կենա, ամեն նեղության համբերի։ «Աստված չի կորցնիլ անմեղին― ասում էր նա― միայն դու այնպե՛ս կաց, որ Աստված քեզ հավանի, քեզ սիրի, այնուհետև նա իր պաշտպանությունը քեզանից չի խնայիլ, քեզ այդ նեղությունիցը կազատի»։ Այս խոսքերը լսելով՝ Արևահատը նոր ուժ, նոր հոգի էր ստանում, մխիթարվում էր, ցավերը մոռանում, օրեցօր վարդի նման բացվում, մանիշակի պես փնջվում։

Այնքան արդար ու անմեղ էր նրա հոգին, որ ամեն առավոտ, երեկո աղոթք անելիս՝ նրան այնպես էր թվում, թե իր հոգին թռչում, վերանում է մինչև երկինքը, հասնում Աստուծո աթոռին, այնտեղ նրա հրեշտակների հետ փառաբանում նրա անունը։

Ողորմությունն այնպես էր տալիս, որ նրա տված շատ քիչն էլ աղքատի աչքումը այնքան շատ էր երևում, որ խեղճ մարդը աչքերը երկինքն էր գցում, ու արտասուքն աչքերին՝ Արևահատի համար արևշատություն խնդրում։

Թե Աստված էլ շատ սիրում էր Արևահատին, այդ մասին ես կասկած չունիմ։ Երբ որ մի մարդու Աստված չսիրի, չարը նրան չի ատիլ, ու բարին նրան չի սիրիլ։ Բոլոր անմեղ արարածները նրան տեսնելիս ցնծում, խնդում էին, այնքան էին սիրում։ Իրանց տանու բոլոր կենդանիները՝ կովը թե եզը, ոչխարը թե այծը, շունը թե կատուն, խորթ մորը տեսնելիս փախչում էին կամ վրան խեթ-խեթ մտիկ տալիս․ շունը հաչում էր վրան, կատուն չանգռում էր, կովը չէր թողնում իրան կթի, քացի-քացի էր անում, ձին խրտնում էր, եզը պլշում, այծն ու ոչխարը փախչում էին, բայց այդ միևնույն կենդանիները, այդ անմեղ անասունները, երբ Արևահատին էին տեսնում, շրջապատում էին նրան, փաղաքշում, լիզ տալիս, մեկմեկու հարու տալով[3] իրար ձեռքից խլում։ Կովը կթվելիս՝ երբ որ տեսնում էր, թե Արևահատը լավ չի նստած, ինքն այնպես էր կանգնում, որ կթելը հարմար

  1. Ջահրա - ճախարակ
  2. Լախռահաչի տալ - շատախոսել
  3. Հարու տալ - պոզահարել
9