Աղջկա վերջին խոսքերից շատ բան չհասկացավ Արեգը, բայց, չուզենալով այլևս ուշացնել նրան, թևերը տվավ իրան։ Աղջիկը թևերը հագնելուն պես դարձավ աղունակ և թռավ գնաց։ Մի քանի րոպե չանցած՝ մի փոքրիկ շիշ կտցին, անմահական ջրով լիքը, բերավ Արեգին տվավ և ինքը կրկին թռավ գնաց։
Արեգը ձին հեծավ և ճանապարհ ընկավ՝ ձիու հետ խոսելով.
— Բազի՛կ, ես հիմա տղա եմ, գիտե՞ս, էլ աղջիկ չեմ։ Առաջ աղջիկ էի. այդ ոչ ոք չգիտեր, գուցե դու էլ չգիտեիր. հայրս պատվիրել էր, որ ոչ ոքի չասեմ, թե՝ ես աղջիկ եմ. բայց հիմա տղա դառա։ Օ՜, որ գիտենաս, Բազի՛կ, ինչքա՜ն ուրախ եմ հիմա։ Դու չես իմանում. թեպետ աղջիկն էլ լավ է, բայց տղային որտե՞ղ կհասնի։ Ես հիմա չգիտեմ՝ ո՛ւր եմ գնում։ Բազի՛կ, դու ի՛նքդ գնա՝ որ կողմ կուզես. այսուհետև ինձ համար միևնույն է… Բայց սպասի՛ր, ես մի աշտարակի ծայր եմ նշմարում, նա անպատճառ մի քաղաք կլինի, գնանք դեպի այն կողմը։ Զարմանալի անհոգ եմ ես, Բազի՛կ. մեկ չես ասում, թե ինչո՞ւ այդ իմաստուն աղջկանը չհարցրիր, թե՝ ո՛վ դու գեղեցիկ և իմաստուն աղջիկ, ո՞ր կողմով պիտի ետ դառնամ ես իմ աշխարհը։ Դեռ լավ էր, նա առանց իմ ասելուն՝ ինձ տղա դարձրեց. որ բանն ինձ մնար՝ ես դեռ էլի աղջիկ կլինեի։ Ի՞նչ կարող էի մտածել, որ այդպես բան կարող է պատահել։ Բայց երբ որ տեսա, թե այդպես բան լինում է, ինչո՞ւ չասացի՝ սիրո՛ւն աղջիկ, ինձ որ տղա դարձրիր՝ մեր Բազիկին էլ մարդ դարձրու, կամ եթե ոչ՝ գոնե խոսելու ձիրք տուր. հը՞, ի՞նչ կասես, Բազի՛կ։— Ոչի՛նչ, դու տղա դառար, ես էլի մնացի ձի։— Իրա՛վ, իրա՛վ, այդ լավ չեղավ։ Մի բան տեսնելիս այնպես հափշտակվում եմ, որ բոլոր մնացած բաները մոռանում եմ. հետո միտս է գալիս, բայց ուշ է լինում…
Այսպես ձիու հետ խոսելով և նրա փոխանակ ինքը պատասխանելով՝ մեր վերանորոգված Արեգը դիմեց դեպի երևացող աշտարակը։