Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/139

Այս էջը հաստատված է

ստանա, ահա՛ այդպիսի մի պատկեր էր ներկայացնում քարացած քաղաքը։ Մրգավաճառը միրգը քաշել է և կիսով չափ ածել առնողի զամբյուղը, մինչև մյուս կեսն ածելը քարացել են՝ ինքն էլ, կշեռքն էլ, առնողն էլ, միրգն էլ. ահա՛ այսչափ արագ էր եղել քարանալը։

— Խե՜ղճ մարդիկ,— ասաց Արեգը,— հող դառնալու էլ չեք արժանացել, այլ՝ դառել եք ծախու ապրանք։ Ճշմարիտ, եթե մեկը այս անթիվ արձանները կարողանար տանել հեռու աշխարհքներ վաճառելու՝ անչափ հարստություն կդիզեր։ Ահա՛ այն նորապսակ աղջկա արձանին, ով գիտե, իր քաշովը մեկ ոսկի կտային։ Բայց ի՜նչ եմ մտածում ես էլ. այս թշվառությունն աշկարա տեսնողն էլ ի՜նչ կարող է հարստության վրա մտածել։ Ահա՛ հարստություն՝ մեր առջև պատկերացած իր իսկական կերպարանքով… Ա՜խ, երանի՛ թե՝ սրանցից մեկը լեզվավորվեր և ինձ պատմեր իրանց գլխի անցքը։ Արի՛ մեկ բղավեմ, ինչ կլինի՝ կլինի։

— Ո՛վ քաղաքացի՜ք… ինչո՞ւ եք քարացե՜լ…— կանչեց Արեգը։

— Քարացե՜լ…— արձագանք տվին բոլոր քարերը։

— Ք…ա՜…ր,— հանկարծ մի նոր ձայն լսվեցավ։

— Ահա ձայն լսեցի,— ասաց Արեգը և մեկ էլ բղավեց.— Ո՞վ կաք կենդանի՜…

— Ե…ե՜…ս,— պատասխանեց ձայնը։

Արեգը որոշ կերպով լսեց, թե որտեղի՛ց է գալիս ձայնը, գնաց դեպի այն կողմը։ Մի գեղեցիկ ապարանք էր, առջևն ընդարձակ պարտեզ, բոլորն էլ քարացած։ Մի փոքրիկ ծաղկոցում նա գտավ մի քարացած մարդու կենդանի գլուխ։

— Ո՞վ ես դու, ո՛վ մարդ,— հարցրեց Արեգը։

— Ջո՜ւր… ջո՜ւր…— պատասխանեց գլուխը, հազիվ կարողանալով խոսել։

— Ջո՞ւր ես ուզում։

— Ջո՜ւր… ջո՜ւր… տո՜ւր… տո՜ւր…

— Հայրի՛կ, ձեր քաղաքի ջուրն էլ է քարացել, ջուր չկա։

— Մի՜… մի՜… կա՜թ… կա՜թ…

— Մի կաթիլ ջուրը քեզ ի՞նչ կօգնե. քո ծարավը մի կարաս ջրով չի հագենալ։ Ես ունիմ ինձ մոտ մի քանի կաթիլ ջուր, եթե կբավականանաս՝ չեմ խնայիլ քեզանից։

— Հա՜… հա՜… հա՜…

Արեգը հանեց անմահական ջրի շիշը և նրանից մի քանի կաթիլ կաթեցրեց կիսարձանի բերանը։ Կենդանի գլուխը ոչ միայն կատարելապես զովացավ, այլև զգաց մի վերակենդանության ցնցում իր բոլոր մարմնի մեջ և սկսեց պարզապես ասել.

Դու բարի՛ հրեշտակ,
Որտեղի՞ց եկար,
Փախի՛ր, հեռացի՛ր
Մի առ ժամանակ.

Բայց ո՛չ, սպասի՛ր,
Ես էլ եմ գալիս…
Այո՛, գալիս եմ,
Նայի՛ր, մեկ նայի՛ր…


Կիսարձանը կենդանացավ և սկսեց քայլել, առաջ մի փոքր դանդաղ, հետո ավելի շուտ-շուտ, և սկսեց փախչիլ՝ իր հետևից կանչելով Արեգին.

135