Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/14

Այս էջը հաստատված է

լինի։ Ջուրը կամ այգի գնալիս՝ շունը կշտիցը չէր հեռանում, որ նրան ամեն չարից, փորձանքից պահպանի, նրա հրամանին միշտ արթուն, միշտ պատրաստ լինի։

Ահա այսքան գեղեցիկ, այսքան բարի ու այսքան սիրելի էր Արևահատը. բայց ինչ կանես, որ խորթ մոր սիրտը քարացել էր, խղճմտանքը՝ մեռել, ամոթը՝ կորել, խեղճ Արևահատի համար նոր-նոր տանջանքներ էր հնարում։

Հենց այդ օրերումը գյուղումը լուր է տարածվում, թե՝ հանդ գնացող աղջկերքը էլ ետ չեն գալիս, մի վիշապ է լույս ընկել, նրանց կուլ է տալիս։

Այս լուրը շատ ուրախացնում է խորթ մորը։ Ասում է.

― Այս լավ դառավ. այս հիմար աղջկանը կուղարկեմ հանդ, թող գնա վիշապի բերանն ընկնի։

Մի օր կով ու ոչխար Արևահատի առաջն է անում, թե՝ տար հանդումն արածացրու։ Մի հաց էլ տալիս է, թե՝ այս էլ կտանես հետդ ման կածես, երեկոյին էլ ետ կբերես, որ ես ուտեմ։ (Որովհետև հանդումը ման ածած հացը խիստ համով է լինում՝ ուզում է, որ այն համով հացը ինքն ուտի)։ Շատ էլ բուրդ է տալիս, թե՝ այս էլ մինչև երեկո բոլորը բարակ կմանես, հետդ կբերես։

Արևահատը՝ կով ու ոչխար առաջն արած, քշում է նրանց, առանց իմանալու, թե մինչև ո՛ւր պիտի տանի։ Վերջապես, երբ որ հասնում է մի լավ կանաչկոտ տեղի, որ դեռ արածացրած չէր, այնտեղ նստում է, իլիկը մանում, իր դառն օրը լալիս․ անմեղ անասուններն էլ մշմշալով արածում են։

Իրիկնապահին, արևի մարեմար[1] ժամանակը, հենց որ ուզում էր թե վեր կենա տավարն առաջն անի, գնա տուն, մեկ էլ տեսնում է, որ ահա մի պառավ կնիկ կա կշտին կանգնած։ Վեր է կենում, որ շան առաջին կանգնի, որ պառավին չկծի, պառավն ասում է.

― Մի՛ վախենար, Արևահատ, շունն ինձ չի կծիլ. նա էլ է իմանում, որ ես չար պառավ չեմ. տեսնո՞ւմ ես՝ ինչպես ուրախ է, ինչպես է շարժում պոչը։

― Բայց դու ո՞վ ես, նանե՛, ես քեզ չեմ տեսած, դու մեր գեղիցը չես,― հարցնում է Արևահատը։

― Ես ոչ մի գեղից չեմ, հոգի՛ս, ես այս երկրիցը չեմ. ես Արևի մայրն եմ. եթե լսել ես՝ «Արևամայրը», որ ասում են՝ ե՛ս եմ։ Քո դառն օրերը, քո անմեղությունը իմ գութս շարժեցին, ես եկել եմ, որ քո տարաբախտությանը վերջ տամ։ Չոքի՛ր առջևս. ես քեզ պիտի օրհնեմ, որ դու գնաս քո մուրազին հասնես։

Պառավի այս խոսքերը շատ զարմացնում են Արևահատին։ Մեկ էլ լավ մտիկ է տալիս, տեսնում է, որ իր ծանոթ կանանց նման չէ։ Այնպես էր շողշողում նրա ամբողջ հագուստը, որ կասես ոսկուց էր ձուլած և ոչ թե սովորական պաստառներից կարած։ Նրա աչքերը այնպես էին ցոլցլում, փայլում, ինչպես արևի ճառագայթները։ Նրա խոսելու ձևն այնքան քնքուշ էր, ձայնն այնքան անուշ, որ Արևահատին թվում էր, թե իր հարազատ մայրն է խոսում հետը։ Հենց որ պառավն ասում է՝ չոքի՛ր, նրա ծնկները թուլանում են. ընկնում է առաջը, ուզում է Արևամոր ոտները համբուրի, բայց նա Արևահատի գլուխը բարձրացնում է, ձեռքը դնում է վրան և հետևյալ օրհնանքը տալիս.

  Ոտքիդ տակին վարդեր բացվին,
Չորս կողմդ փռվի մանիշակ,
Բարով հասնես քո մուրազին,
Գլխիդ տեսնեմ թագ ու պսակ։

  1. Մարեմար - մայրամուտ
10