|
Չնայած Արեգի համեստությանը՝ քաղաքացիք նրան դյուցազանց կարգը ձգեցին, որ երախտապարտ չմնան Երկնքի առջև։ Եվ ահա՛ ինչպես։ Տեսան, որ պառավի սոսկալի արձանից վախենում են բոլոր երեխաները և շատ մեծեր էլ՝ նրան տարան ծովը նետեցին։ Նա ընկավ ուղղակի դժոխքի վրա և իր ուժգին զարկովը ամբողջ դժոխքը իր միջի չար ոգիների անթիվ լեգեոններովը[1] մի հազար մղոն[2] էլ ցած գլորեց… Դրանից հետո հավաքվեցան քաղաքի բոլոր ճարտարապետներն ու նկարիչները, քաշեցին Արեգի պատկերը՝ Բազիկի վրա հենած. նրա ձևով շինեցին մի ոսկեձույլ արձան։ Այդ արձանը կանգնեցրին քաղաքի կենտրոնում եղած մեծ պարտեզումը, որ զբոսավայր էր ամենի համար, մանավանդ՝ երեխայոց, որոնք այնուհետև միշտ նրա չորս կողմումն էին խաղում և վրան նայելով՝ զմայլում։ Արեգը չտեսավ իր արձանը. նա այդ ժամանակ արդեն գնացել էր։ Նա երազումը տեսավ, որ Նունուֆարը վերջին շնչումն է, շտապեց վերադառնալ, որ գուցե կարողանա օգնություն հասցնել։
Նունուֆարը վերջին շնչումն է։
Էլ ո՛չ ծաղրածվի կատակները, ո՛չ վեզիրի կնոջ հոգատարությունը, ո՛չ հոր աղաչանքն ու հառաչանքը չեն ազդում նրա վրա։
Լեզու չունի, որ խոսի, ուժ չունի, որ ձեռքը շարժե։
Ակնապիշ նայում է դեպի վեր, կարծես Երկնքիցը լինի սպասում իր փրկությունը կամ ուզում լինի շուտով թռչիլ դեպի Երկինք։
Թագավորը և բոլոր պալատականները, ձեռքները խաչ արած, վիզները ծռած նայում էին Նունուֆարի երեսին և ախ ու վախ քաշելով՝ խոստովանում իրանց անզորությունը Ամենակարողի կամքի առջև։
Այս աղեկտուր րոպեին մեկ էլ լսվեցավ, որ Արեգը եկել է։
Նունուֆարի աղախինը ամենից շուտ վազեց Արեգի մոտ և շտապեցրեց նրան, ասելով.
— Շո՛ւտ արա, եկ տե՛ս, վերջին շնչումն է, աչքը քեզ է մնում…
— Ահա՛ գալիս եմ,— պատասխանեց Արեգը,— հիմա կգամ և կտեսնեմ քո Նունուֆարին…
Լուռ հանդիսականների միջով լուռ ու մունջ անցավ Արեգը, մոտեցավ Նունուֆարի մահճին, հանեց անմահական ջրի շիշը, մի կաթիլ կաթեցրեց բամբակի վրա և քսեց Նունուֆարի մեռելատիպ շրթունքներին։
Նունուֆարի աչքերը պարզվեցան։