Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/149

Այս էջը հաստատված է

Արեգն այդ նկատեց և մի քանի կաթիլ կաթեցրեց ուղղակի բերանի մեջ։

Նունուֆարը երկու ձեռքով ծածկեց երեսը…

Նա տեսավ Արեգին և… ճանաչեց։

Նա մի նոր կյանք զգաց, կյանք՝ աշխուժով լի, երևակայությամբ ճոխացած…

Ձեռներով ծածկեց երեսը, որ երևակայությունն ամփոփե։ Ամփոփե երևակայությունը, որ այդ րոպեի երկնային զվարճությունն ու զմայլմունքը լիուլի վայելե։

— Արեգը եկել է,— ասում է նա ինքն իրան՝ երեսը ծածկած երկու ձեռքով, իբրև երկու վահանով, որ ուրիշ տպավորությունների տեղի չտան.— Արեգը եկել է,— կրկնում է Նունուֆարը,— և ես առողջ եմ, բոլորովին առողջ, շատ առողջ։ Ես զգում եմ, զգում եմ, որ շատ առողջ եմ, և… Արեգն էլ եկել է… Ես տեսա. նա ինձ մոտ կանգնած է այս րոպեիս։ Ես զգում եմ նրա ներկայության անմահական հոտը։ Անմահական էր նրա տված դեղը։ Հենց ինքն էլ մի անմահ Ոգի է։ Ինչպե՜ս մեծացել է, ինչպե՜ս առույգացել, ի՜նչ նորածիլ բեղեր ունի, ի՜նչ գանգուր մորուք… Բանամ երեսս, մեկ էլ նայեմ…

Նունուֆարը բաց արավ երեսը և նայեց Արեգի երեսին այնպիսի հայացքով, որ միայն մոր հայացքն է լինում իր երեխին՝ «հագա՜» կամ «ճիտա՜» ասելիս… և կրկին փակեց երեսը։

Այդ հայացքը, որի մեջ ամփոփված էր կենդանության հրափայլ ոգին, ամենքը տեսան, և ամենքն էլ, կարծես խոսք մեկ արած, միաձայն քրքիջ բարձրացրին՝ փա՜ռ-փա՜ռ ծիծաղելով։ Այդ ծիծաղից անմասն չմնաց և ինքը՝ Նունուֆարը։ Նա էլ ծիծաղեց. կարծես ուրիշների տեղիք տալուն էր սպասում, որ մի կուշտ ծիծաղի։

10. Ղ.Աղայան