Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/15

Այս էջը հաստատված է

Քո ժպիտը վարդի նման,
Արտասուքդ մարգարիտի,
Ուր որ գնաս՝ Աստված քեզ հե՛տ,
Օձ ու կարիճ քեզ չըխայթի՛։

Քո խրճիթը պալա՛տ դառնա,
Ողջ սյուները անգին քարից,
Պատ ու հատակ՝ ոսկի, արծաթ,
Առաստաղը գոհարներից…

Այսպես օրհնում է Արևամայրը և էլի ուրիշ շատ բաներ է ասում, խրատներ է տալիս, գուշակում է նրա ապագան, ամեն բան առաջուց ասում է և զգուշացնում։ Հետո ասում է՝ դե վե՛ր կաց, սիրուն Արևահատ, ես քեզ սիրեցի, ես քեզ օրհնեցի, ես քեզ աղոթեցի, որ էլ այսուհետև քեզ մի վնաս չլինի, քո մեկ մազը չպակսի։ Հետո համբուրում է Արևահատին ու ասում՝ այս համբուրովս ես քո գեղեցկության վրա իմն էլ եմ ավելացնում, հետո տալիս է մի փոքրիկ կապոց։ Այդ կապոցի մեջ լինում է մի ձեռք հագուստ։ Բայց ի՜նչ հագուստ, բոլորը անգին քարերով զարդարված ու այնքան էլ նուրբ, այնքան բարակ է լինում, որ հենց իմանաս, ոչ բամբակից է, ո՛չ մետաքսից, այլ՝ արևի ճառագայթներիցն է գործած։ Ասում է՝ այս կապոցը ծոցումդ կպահես, մինչև քո հարսանիքի օրը, միայն այն օրը կհագնես։ Ես հիմա գնում եմ, իմ որդին ինձ է սպասում։ Այս էլ ասելուց հետո աներևութանում է, արևն էլ մայր է մտնում։

Այս անցքն այնպես զարմացնում է Արևահատին, որ չի իմանում՝ քնա՞ծ է, թե՞ արթուն, երազո՞ւմն է տեսնում, թե՞ ճշգրիտ։ Ձեռը ծոցն է տանում, տեսնում է, որ կապոցը տեղն է՝ ուրեմն, երազումս չեմ, ասում է ինքն իրան և այնքան ուրախանում է, որ բոլոր տխրությունը փարատվում է, ունքերը բացվում, երեսը զվարթանում, քաղցածությունն անցնում։

Վեր է կենում, իրա կով ու ոչխարը առաջն անում, ճանապարհին նրանց ջոկ-ջոկ շփելով, իր ուրախությունը նրանց պատմելով՝ գնում։

Գնում է, գնում, մեկ էլ՝ տեսնում է, որ ահա մի քանի ձիավոր են գալիս զենք ու զրահում կոլոլված. Արևահատի սիրտն իմանում է, որ լավ մարդիկ չպիտի լինին․ այդ բանը շունն էլ է իմանում և զանազան շարժմունքներով իր վախն իմաց է տալիս Արևահատին։ Տեսնում է, որ դրանց ձեռքիցը փախչել չի կարող, իսկույն ցեխ է քսում երեսին, որ իր սիրունությունը նրանց աչքումը չերևա, որ իր վրա ուշադրություն չդարձնեն։

Մարդիկը գալիս հասնում են և տեսնում մի գեշ աղջիկ։ Հետո մեկմեկու իրանց լեզվովն ասում են՝ մեզ համար մեկ է, սիրուն եղած, գեշ եղած, երկուսն էլ վիշապի փորը պիտի մտնին։

Հիմա դուք իմացաք, կարծեմ, թե դրանք ինչ մարդիկ պիտի լինին։ Ասում են. «Աղջի՛կ, էլ դես ու դեն չփախչես, արի՛ մեզանից մեկի գավակին նստիր, քեզ պիտի տանենք»։

Արևահատը մնում է շվարած։ Մտքումն ասում է. «էլ ի՞նչ կարող եմ անել, ուր տանում են՝ թող տանեն, մեր տանից խոմ վատ տեղ չեն տանելու, իմ խորթ մորիցը խոմ կազատվիմ»։ Իրա կովի, ոչխարների աչքիցը պաչպչում է, նրանց մնաս բարով ասում ու նստում մեկի գավակին։ Խեղճ անասունները կարծես իմանում են բանի էությունը, սկսում են հետևիցը բառաչել ու մայել, իսկ շունը չի բաժանվում նրանից, այլ՝ վնգստալով ու սնգսնգալով գնում է նրանց հետևիցը։

11