— Ո՞ւր, ո՞ւր, սպասի՛ր, ես քեզ չե՛մ թողնիլ.
Առանց քեզ մի օր՝ էլ ես չե՛մ ապրիլ.
Թող երկինք, գետինք իրար խառնըվին,
Դու կըպատկանիս միայն Արեգին.
Թող ամբողջ աշխարհք տակնուվրա ըլի,
Էլ քեզ ինձանից ոչ ոք չի՛ խլի.
Արարած աշխարհ ես պտըտվեցա,
Գեղեցիկ, սիրուն շատերին տեսա,
Բայց քեզ պես չքնաղ, անհատ, աննման,
Քե՜զ է ստեղծել Երկինքը միայն.
Դու ի՛մն ես, ի՛մն ես, սիրո՛ւն Նունուֆար,
Իմ բոլոր կյանքս կըտամ քեզ համար.
Ինչ սիրտըդ ուզի, ինչ որ կամենաս՝
Հրամայի՛ր ինձ, իսկույն կստանաս։
Իմ ասածներս դու չհասկացար,
Էնդուր ես կարծում, թե՝ ինձ դուր չեկար.
Ես այն չե՜մ, այն չե՜մ, ում որ տեսել ես,
Նա գնա՜ց, կորա՜վ երևույթի պես.
Ես է՛լ եմ Արեգ, բայց ո՛չ առաջին,
Նրան գողացավ Աղջիկ աղավնին…
— Եթե այդպես է՝ ինձնից հեռացի՜ր,
Դու ինձ կյանք տվիր, վարձըդ ստացի՛ր։
— Ես չեմ կյանք տվել, ի՜նչ վարձ կամ ի՜նչ գին.
Դու ի՛նքդ ես իմ կյանքն, իմ սիրտն, իմ հոգին…
— Էլ ես կյանք չունիմ և պիտի մեռնիմ,
Երբ չկա Արեգ՝ էլ ինչո՞ւ ապրիմ…
— Իզուր մի՛ մեռնիլ, ես է՛լ եմ Արեգ,
Մի՞թե ես չունիմ նորա չափ արժեք…
— Բայց դու ուրիշ ես, ի՛նքըդ ես ասում…
— Այդ ես ինքս էլ լավ չեմ հասկանում…
|
|
— Սպասեցե՛ք, սպասեցեք, ես վերջ կտամ ձեր վեճին,— ասաց թագավորը։— Արեգ, ասա՛ ինձ, հոգիս, դու ո՞ւմ որդին ես։
— Արման իշխանի որդին էի մի ժամանակ, բայց հիմա չգիտեմ՝ էլի նրա՞ որդին եմ, թե՞ մի ուրիշի։
— Քո այդ պատասխանն է ահա, որ մենք չենք հասկանում, բայց քեզ լավ ենք ճանաչում։ Դու մեր Արեգն ես, միևնույն գեղեցիկ Արեգը, միայն մորուքդ է ավելացել ու բեղերդ…
147